Մատչելի հղումներ

Մոնա Լիզայի առեղծվածը - 2005-02-15


Գիտնականներին թերեւս ի վերջո հաջողվի լուծել հանրահայտ Մոնա Լիզայի առեղծվածը։

Երկու հազար տարի է, ինչ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքը հայտնի է աշխարհահռչակ արվեստագետներով։ Նրանց թվում են Դանթեն, Միքելանջելոն եւ Լեոնարդո դա Վինչին։ Նրանց արվեստանոցները վաղուց վնասվել կամ մոռացության են մատնվել։ Սակայն հետազոտողների կողմից Սանթիսիմա Անունզիատայի վանքում վերջերս հայտնաբերվածը թերեւս լինեն այն արվեստանոցն ու սենյակները, ուր 15-րդ դարի վերջերին եւ 16-րդ դարի սկզբներին ապրել ու աշխատել է Լեոնարդո դա Վինչին։ Արվեստի պատմաբան Ռոբերտո Մանեսկալչին եւ նրա խումբը վանքում հայտնաբերել են գաղտնի սանդուղքներ եւ դուռ, որոնք տանում են դեպի վանքի հարեւանությամբ գտնվող Իտալիայի ռազմական աշխարհագրության ինստիտուտի շենքի սենյակները։ Պատերը ծածկված են լավ պահպանված որմնանկարներով, որոնք դարերով անհայտ էին։

Պարոն Մանեսկալչին հայտնել է. "Այս դեպքում առաջին անգամ տեսնում ենք թռչունների, որոնք պարզապես դինամիկ են, կենդանիների, որոնք կյանքով լեցուն են եւ մեզ հիշեցնում են թռչունների թռիչքի պահին Լեոնարդոյի կողմից կատարված ուսումնասիրության մասին։"

Լեոնարդո դա Վինչիի մուսային՝ Ֆլորենցիայի առեւտրականներից մեկի կնոջը, Մոնա Լիզա Ջերարդինիին արվեստագետի հետ կապող առեղծվածը թերեւս նույնպես կբացահայտվի նոր հայտնաբերված սենյակներում։ Պատմաբանների կարծիքով, այն ժամանակահատվածը, երբ դա Վինչին ապրել է այս սենյակներում համընկնում է նրա ամենահայտնի կտավի՝ Մոնա Լիզայի ստեղծման ժամանակի հետ։ Առեւտրականի կնոջ հետ նա թերեւս հանդիպել է Սանթիսիմա Անունզիատայի եկեղեցում, ուր ընտանիքը մատուռ ուներ։ Սակայն Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրենը, պրոֆեսոր Ալեսանդրո Վեզոսին ավելի զգուշավոր է։

Պրոֆեսոր Վեզոսին նշել է. "Բացառված չէ, որ Մոնա Լիզայի կտավը թերեւս նկարվել է Անունզիատայում։ Ոչ մի բան չի հաստատում այդ վարկածը, բացառությամբ այն փաստի, որ նրա ընտանիքը կապ է ունեցել կուսանոցի հետ։ Այսպիսով, պատճառներ կան խորհելու, որ հենց Մոնա Լիզան է այցելել այդ եկեղեցին կամ կրոնական այդ վայրը։"

Սենյակները, որոնցում հայտնաբերվեց Լեոնարդո դա Վինչիի արվեստանոցը, կազմում են մի ժամանակ Սերվի դի Մարիայի վանականների կողմից օգտագործված համալիրի մասը, ովքեր դրանք օգտագործում էին որպես կացարաններ ուխտագնացների եւ հյուրերի համար։

XS
SM
MD
LG