Մատչելի հղումներ

Գիտաժողով՝ կանանց եւ տղամարդկանց ունակությունների տարբերությունների շուրջ - 2005-02-10


Վերջերս տեղի ունեցած գիտաժողովում, Հարվարդի համալսարանի նախագահ Լորենս Սամերսը վերսկսեց հարյուրամյա այն բանավեճը, թե կանայք տղամարդկանց թերեւս զիջում են մաթեմատիկայի եւ գիտության բնագավառում։

Հարվարդի համալսարանը գտնվում է Մասաչուսեթսի նահանգի Բոստոն քաղաքում։ Որոշ կանայք չափազանց զայրացած են համալսարանի նախագահ Լորենս Սամերսի մեկնաբանություններով։

Չնայած պարոն Սամերսի ներողություն խնդրելուն, գիտության եւ ճարտարագիտության մեջ կանանց դերին նվիրված գիտաժողովում նրա արած մեկնաբանություններն առաջ են բերել զայրացած արձագանքներ եւ բանավեճեր։ Պատմականորեն, դպրոցի տարրական եւ ավարտական դասարաններում մաթեմատիկայի եւ բնական այլ գիտությունների բնագավառում տղաների ցուցանիշները մի փոքր գերազանցում են աղջիկների ցուցանիշներին։ Համազգային վիճակագրության վերջին տվյալների համաձայն, ճարտարագիտության մեջ կանայք ստանում են բակալավրի կոչումների միայն 20 տոկոսը, իսկ մաթեմատիկայի եւ համակարգիչների բնագավառում՝ դրանց մեկ երրորդից էլ նվազ։

Սոցիոլոգ Քիմբըրլի Շումանն ասել է. "Աղջիկները եւ տղաները հավասարապես կարող են խորանալ գիտության մեջ, սակայն աղջիկները թերեւս ավելի նվազ հետաքրքրություն ունեն այս ոլորտում մասնագիտություն ընտրելու համար"։

Երեխաներին մայրերից առանձնացնելու փորձը վկայում է, որ սեռերի միջեւ տարբերություններն ի հայտ են գալիս չափազանց վաղ հասակում։ Մայրերին դիմելու համար տղաները դրսեւորում են ֆիզիկական մոտեցում, իսկ աղջիկներն օգտագործում են բանավոր հաղորդակցությունը։ Ռուբեն եւ Ռաքել Գըր ամուսինները նյարդաբաններ են։ Նրանց ուսումնասիրությունները հաստատում են, որ կանայք աչքի են ընկնում բանավոր խոսքում, իսկ տղամարդիկ՝ տարածական հմտություններում։ Նրանց ուսումնասիրությունները նաեւ վկայում են, որ ուղեղի երկու կիսագնդերն ավելի լավ են փոխկապակցված կանանց մոտ։

Դոկտոր Ռուբեն Գըրը նշել է. "Կան բաներ, որոնք տղամարդիկ են ավելի լավ անում եւ կան բաներ, որոնցում կանայք ավելի հմուտ են։ Սեռերի առավելությունները եւ թուլությունները լրացնում են միմյանց եւ մարդկությունը բարգավաճում է"։

Մինչ փորձերի եւ ուսումնասիրությունների անցկացումն այս բնագավառում շարունակվելու են, մի բան հստակ է՝ սեռերի ունակությունների տարբերությունների շուրջ քննարկումները մի՛շտ էլ կլինեն վիճահարույց։

XS
SM
MD
LG