Մատչելի հղումներ

Ընկույզի օգտավետությունն առողջության համար - 2005-02-09


Գիտնականներն այժմ հերքում են այն տեսակետը, թե ընկույզը լավ չէ մարդու առողջության համար։ ԱՄՆ-ի, Իսպանիայի եւ Ճապոնիայի համալսարաններում եւ բժշկական կենտրոններում մեկ տասնամյակից ավելի տեւած գիտական ուսումնասիրություններից հետո, ԱՄՆ-ի դեղորայքի համերկրային գործակալությունը եզրակացրել է, որ ամեն օր մեկ ու կես ունցիա ընկույզ օգտագործելը թերեւս նվազեցնի սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Նման որոշումը ողջունեցին առաջատար գիտնականներն ու սննդառության փորձագետները, որոնց կարծիքով ընկույզը հարուստ է անտիօքսիդանտներով, պրոտեինով, մանրաթելով եւ կենսական ճարպաթթուներով։

Սննդառության հարցերով փորձագետ Ջոն Սաբատեն ասել է. "Ընկույզը ճարպոտ է, սակայն այս ճարպերը վնասակար չեն։ Այս կարգի ճարպերն անհրաժեշտ են ոչ միայն սրտի, այլեւ մարդու ընդհանուր առողջության համար։ Այսպիսով, թերեւս նպատակահարմար չէ հետեւելու ճարպերից խուսափելու ավանդական մոտեցմանը"։

Փեն Սթեյթի համալսարանից Շիլա Վեսթը նշել է. "Ապացույցները շատ են, որ ընկուզեղեն եւ հատկապես ընկույզ օգտագործողների մոտ սրտանոթային հիվանդությունների վտանգը չափազանց նվազ է։ Բժշկական գրականության մեջ նաեւ լուսաբանվում է, որ ընկույզի մեջ պարունակվող Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են մարդկանց սրտանոթային հիվանդություններից պաշտպանելու գործում։ Փորձում ենք ըմբռնել, թե ո՞րն է դրա պատճառը"։

Սննդառության հարցերով փորձագետ Փենի Էթերթոնն ավելացրել է. "Ընկույզը յուրահատուկ է նրանով, որ այն սննդարար նյութերի աղբյուր է։ Այն պարունակում է Օմեգա-3 ճարպաթթուներ, մանրաթել, բուսական պրոտեին, ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններ, այդ թվում վիտամին "Ի""։

ԱՄՆ-ի դեղորայքի համերկրային գործակալության համաձայն, օրական մեկ ու կես ունցիա ընկույզ օգտագործելը բավական է Գիտությունների Ակադեմիայի Բժշկագիտության ինստիտուտի կողմից Օմեգա-3 ճարպաթթուների խորհուրդ տրվող ամենօրյա քանակական ցուցանիշները բավարարելու համար։

Ընկույզի օգտավետության ուսումնասիրման հարցերով հանձնախմբից պարոն Դենիս Բալինթն ասել է. "Գիտնականներն ընկույզը կարեւորում են որպես սննդատեսակ, քանի որ այն պարունակում է այնպիսի սննդարար նյութեր, ինչպիսիք են անտիօքսիդանտները, պրոտեինը, մանրաթելը եւ կենսական ճարպաթթուները։ Չափազանց փոքրաթիվ են սննդարար նյութերով այսքան հագեցված սննդատեսակները։ ԱՄՆ-ի դեղորայքի համերկրային գործակալությունը սպառողներին կոչ է անում չխուսափել ընկույզ գործածելուց, քանի որ այն պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից"։

XS
SM
MD
LG