Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հավելյալ օգնությունը Շրի Լանկայում ավերիչ ցունամիից տուժածներին - 2005-01-10


ԱՄՆ-ի արտգործնախարար Քոլին Փաուելը հայտնել է, որ խոստացված 14 միլիոն դոլարի օգնության փոխարեն Վաշինգտոնը հավելյալ 10-ը միլիոն դոլար կհատկացնի Շրի Լանկայում ավերիչ ցունամիից տուժածներին։ Պարոն Փաուելն ավելացրել է, թե Հարավային Ասիայի ցունամիից տուժած երկրներին ԱՄՆ-ի կողմից խոստացված 350 միլիոն դոլարի օգնության մեծ մասը թերեւս կհատկացվի Շրի Լանկային։

Պարոն Փաուելը նշել է. "ԱՄՆ-ի խոստացած 350 միլիոն դոլարի օգնությունից բաշխվել է մոտավորապես 50 միլիոն դոլարի գումար։ Սակայն, եթե պարզվի, որ 350 միլիոն դոլարի գումարը բավարար չէ վերականգնման աշխատանքների համար, վստահ եմ, որ նախագահը կվերանայի գումարի չափը եւ կփորձի անել ավելին։"

Ինդոնեզիայում կայացած միջազգային նվիրատուների վեհաժողովին մասնակցելուց հետո, պարոն Փաուելը մեկ օրով այցելեց Շրի Լանկա։ Վեհաժողովին մասնակցող 26 երկրներ եւ կազմակերպություններ խոստացան 3 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել Հարավ-Արեւելյան Ասիայի ցունամիից տուժած 12 երկրներին։

Ինդոնեզիայում զոհվեցին 100 հազարից ավելի անձինք, իսկ Շրի Լանկայում զոհերի թիվը գերազանցեց 30 հազարը։

Պարոն Փաուելն այցելեց Շրի Լանկայի հարավային մասում գտնվող Գալե քաղաքը եւ նաեւ հանդիպեց երկրի նախագահ Չանդրիկա Քումարատունգային՝ քննարկելու համար ցունամիից գոյատեւածներին օգնելու եղանակները։

Ներկայումս մոտավորապես 200 ամերիկացի զինվորներ Շրի Լանկայում օգնում են վերականգնման աշխատանքներին։ Հետագայում թերեւս հազար 5 հարյուր ամերիկացի զինվորներ տեղակայվեն երկրում։

Պարոն Փաուելը հայտնել է, թե ամերիկացի զինվորները կտեղակայվեն Շրի Լանկայի կառավարության վերահսկողության ներքո գտնվող շրջաններում եւ ոչ թե երկրի հյուսիսային ու արեւելյան շրջաններում, որոնք վերահսկվում են "Թամիլի Վագրեր" անջատողամետ ապստամբների կողմից։

20 տարուց ավելի է, ինչ ապստամբներն անկախության կամ ինքնավարության են ձգտում երկրի այն շրջանների համար, որոնցում Թամիլի փոքրամասնությունը գերակշռող է։

Ցունամիից առաջ ի հայտ էին եկել ապստամբների եւ կառավարության միջեւ հնարավոր հրադադարի նշաններ։ Սակայն այն հույսը, թե աղետը թերեւս համաձայնության կհանգեցնի երկու կողմերին մարեց, երբ նրանց միջեւ տարաձայնություններ ծագեցին օգնության շուրջ։

XS
SM
MD
LG