Մատչելի հղումներ

Օգնությունը սկսում է հասնել Ինդոնեզիայի հեռավոր շրջանները - 2005-01-04


Ինդոնեզիայում շարունակվում է ավելանալ ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից տուժածների թիվը, որը հասել է 94 հազարի։

Աղետից ամենաշատը վնասված Ինդոնեզիայի Աչեհի գավառին տրամադրվող օգնությունը համակարգելու համար օգնության գործակալություններն աշխատում են տարբեր երկրների զինվորականների խմբերի հետ։ Պաշտոնատարներին չափազանց դժվար է Աչեհի հեռավոր քաղաքներ հասնելը, ինչպես օրինակ Բանդան է։

Պարենի համաշխարհային ծրագրի խոսնակ Մայք Հուգինսն ասում է. "Օգնությունը համակարգվում է։ Ինդոնեզիայի ոչ-կառավարական կազմակերպություններից շատերը բաշխում են միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված օգնության պաշարները։ Օգնության տրամադրումն առաջին հայացքից կարող է քաոսային թվալ, սակայն հնարավորինն արվում է տուժածներին օգնելու համար։"

Պարենը սկսել է ժամանել Աչեհի գավառի Բանդա քաղաքը։ Ներկայումս չափազանց մեծ է բժշկական միջամտության կարիքը։ Ամերիկայի Ձայնի թղաթկից Նենսի Քոլինզը տարածաշրջան է ճամփորդել Կարմիր Խաչի Աչեհի գրասենյակում աշխատող մի խումբ բժիշկների հետ։ Նա նշում է. "Իմ կարծիքով այս բժիշկները դրական փոփոխություն են մտցնում։ Աչքիս առաջ նրանք բուժեցին այնքան մեծ թվով երեխաների։ Բժիշկները անտիբիոտիկներ են տրամադրում գոյատեւածներին։ Նրանք նաեւ սփոփում են աղետից տուժածներին։"

Չնայած տեղացի այս բժիշկներից շատերն իրենք են կորցրել հարազատների, ջանում են օգնել կարիքավորներին։ Շատերն, ում տներն ավերվել են աղետի հետեւանքով, ապաստանել են տեղի կանգուն մնացած մզկիթներում, տուժածների մի մասն էլ ժամանակավորապես ապրում է վրաններում։ Նենսի Քոլինզը նկարագրում է ավերածությունը. "Այս ծովափնյա քաղաքի բնապատկերն ամբողջապես փոխվել է։ Կանգուն են մնացել ընդամենը մի քանի մզկիթներ։ Բոլոր տները գետնին են հավասարվել։"

Հարազատներին որոնող գոյատեւածների շրջանում մարում է հույսը։ Արեւադարձային շոգի պատճառով պաշտոնատարները սկսել են արագացնել նույնիսկ ինքնությունը չպարզված քայքայվող դիակների թաղելը։

XS
SM
MD
LG