Հարավ-արեւելյան Ասիայում մահվան ու ավերածության պատկերները խոշոր ընկերություններին եւ հարյուր հազարավոր ամերիկացիների մղել են դրամ ու օգնության պաշարներ նվիրաբերելու Ասիայում աղետից տուժածներին։ Ամերիկյան Կարմիր Խաչի աշխատակից Փոլ Գարդընի կարծիքով այս կացությունում դրամն ավելի շուտ կարող է օգնել աղետյալներին։ Նա ասել է.
“Այսօր տված մեկ դոլարով կեսօրին կարելի է անհրաժեշտ պիտույքը գնել աղետի գոտում”։
Ինտերնետը դրամական նվիրատվություններ հանգանակելու հզոր միջոց է օգնություն կազմակերպող հատկապես մանր ու նորաստեղծ կազմակերպությունների համար։ Հիսուներեք հազարից ավելի ամերիկացիներ աղետի գոտուն նվիրաբերել են երեք միլիոն դոլարից ավելի գումար։ Օգնություն են հասցնում նաեւ ամերիկյան դեղագործական եւ բժշկական սարքեր արտադրող ընկերությունները։ Օրինակ Ֆայզեր դեղագործական ընկերությունը նվիրաբերում է տասը միլիոն դոլար եւ մոտավորապես քսանհինգ միլիոն դոլար արժողության բժշկական պիտույքներ։
Հոլիվուդում հանրահայտ դերասաններն ու արվեստագետները նույնպես նվիրատվություններ են անում։ Չինացի հանրահայտ կինոաստղ Ջաքի Չանը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությանը նվիրաբերեց 64 հազար դոլար։ Հարավային Ասիայում համերգային շրջագայությունից վերջերս վերադարձած Ռոք ըն Ռոլի ”Լինքին Փարք” երաժշտախումբը նվիրաբերեց 100 հազար դոլար։ Միացյալ Նահանգների օգնությունը համադրող պաշտոնատարները հուսով են, որ առաջիկա ամիսներին ամերիկացիները կշարունակեն օգնություն ցուցաբերել։