Հարավ-արեւելյան Ասիայում 80 հազարից ավելի անձանց կյանք խլած երկրաշարժից ու ցունամիից հետո ամենամեծ վտանգը հիվանդությունների բռնկումն է։
Մինչ Ասիայի ցունամիից մահացությունների թիվն ավելանում է, հիվանդությունների բռնկման դեպքում սպասվում է ավելի մեծ ողբերգություն։
Ամենամեծ վտանգն այժմ ներկայացնում են տիֆի, դողէրոցքի, խոլերայի համաճարակները։ Վտանգը հատկապես մեծ է Շրի Լանկայում, Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում, ուր ծովի կուտակված ջրի, շոգ եւ խոնավ եղանակի ու քայքայվող աճյունների հետեւանքով ջրի պաշարները վարակվել են։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Արտակարգ իրադրությունների ժամանակ օգնության համակարգման հարցերով տեղակալ Յան Էգլանդն ասել է, թե բոլոր տուժած երկրները ջանում են կանխել նոր ողբերգությունը։ Նա նշել է.
"Ընդհանրապես նրանք բոլորը կենտրոնանում են ծովափնյա շրջաններում ջրի եւ սանիտարական ավերված հատվածի վրա, որը ցունամիից հետո մարդկանց սպառնում է հարաճուն աղետ։"
Ամերիկյան Կարմիր խաչի Միջազգային աղետներին արձագանքող բաժնի ղեկավար Մաթյու Փերին ասել է, թե իրենց կազմակերպությունը ջրի զտման սարքեր է ուղարկում ցունամիից տուժած երկրներին։ Նա ավելացրել է.
"… այս համակարգերը հիվանդանոցներին եւ բնակիչներին հիմնականում խմելու ջուր են տրամադրում շարժական բաշխիչ կետերում։ Սակայն այս պահին չափազանց կարեւոր է խմելու ջուրը հիվանդանոցներ հասցնելը։"
Զոհերի աճյունները, որոնց մի մասը երեխաներ են, դեռեւս կուտակված են ծովափերում եւ հիվանդանոցների դիարաններում։ Շոգ եղանակի պատճառով դրանցից շատերը քայքայվում են, որը հարաճուն սպառնալիք է մարդկանց առողջությանը։ Դիակներն այժմ թաղում են զանգվածային գերեզմանոցներում, սակայն որը դանդաղում է զոհվածների ինքնությունը ճանաչելու խնդրի պատճառով։
Միաժամանակ, օգնության պաշարները սկսել են հասնել տուժած երկրներին, որը մի քանի օրից կբաշխվի նաեւ հեռավոր շրջաններում։ ՄԱԿ-ը հայտնել է, թե միջազգային համայնքի օգնությունը երբեւէ հատկացվածներից խոշորագույնն է։