Միջազգային համայնքը օգնություն է հասցնում անցած կիրակի Ասիայում տեղի ունեցած երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին։
Միջազգային համայնքն օգնություն է կազմակերպել անցած կիրակի երկրաշարժից տուժած Ասիական երկրների համար։ ԱՄՆ-ը, Եւրամիութունը խմբեր են ուղարկել այդ երկրներ, իսկ "Բժիշկներ առանց սահմանի" կազմակերպությունն ուղարկում է բժշկական անհրաժեշտ պիտույքներ։
Միավորված ազգերի կազմակերպությունը ղեկավարում է միջազգային օգնության համակարգումը։ Մարդասիրական օգնության համակարգման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էգլանդի կարծիքով սա պատմության մեջ խոշորագույն օգնությունն է։ Այս մասին նա ասել է.
"Վնասը կկազմի միլիարդավոր դոլարի գումար։ Այն կհասնի հավանաբար բազմաթիվ միլիարդների"։
Տեղի առողջապահական համակարգերը վերստին չգործելու դեպքում սպառնում է համաճարակի վտանգ։ Պարոն Էգլանդը նաեւ ավելացրել է.
"Խմելու ջուրն աղտոտված է։ Հիվանդությունը կառաջանա դրանից։ Նման աղետին սովորաբար հաջորդում է շնչառական ուղիների սուր հիվանդությունը"։
Միլիոնավոր անձինք կարող են հիվանդանալ դողէրոցքով, արնալուծությամբ եւ խոլերայով։ Մեթյու Փերին Ամերիկյան Կարմիր խաչի աշխատակիցներից է։ Նա ասել է, թե պետք է ջուր հասցնել հիվանդանոցներին, հատկապես Շրի Լանկայում։ Պարոն Փերին նշել է.
"Օգնությունը՝ ջուրը, բժշկական սպասարկումը, պարենը եւ սանիտարական միջոցները հիմնականում կենտրոնացվելու են մի քանի տեղերում։ Կարծում եմ մեր խոշորագույն խնդիրն օգնության ամենահրատապ վայրը որոշելն է։ Առաջնահերթ խնդիրներից են լինելու նաեւ ջրից առաջացող հիվանդությունները"։
Միացյալ Նահանգները խոստացել է հատկացնել 15 միլիոն դոլարի գումար, իսկ Քոլին Փաուելը հայտնել է, որ հավելյալ օգնություն է հատկացվելու։ Նա ավելացրել է.
"Սա իսկապես միջազգային ողբերգություն է եւ մենք հնարավորինը կանենք օգնելու այս ողբերգության մեջ հայտնված երկրներին"։
Սակայն հարց է ծագում, թե այս կարգի աղետն ինչպե՞ս կարող էր հարվածել անակնկալորեն։
Նախազգուշացնող կենտրոնները տեղյակ էին, որ վիթխարի ալիքները սլանում էին Հնդկական օվկիանոսում, սակայն հնարավորություն չունեին նախազգուշացնելու մարդկանց։
Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդն ասել է, որ իր կառավարությունը տուժած երկրներին կօգնի ստեղծելու նախազգուշացման իրենց համակարգերը։