Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահական թեկնածուների միջեւ կայացած հեռուստաբանավեճը - 2004-12-21


Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յուշչենկոյի եւ երկրի վարչապետ Վիկտոր Յանուկովիչի միջեւ երկուշաբթի օրը կայացած հեռուստաբանավեճը լի էր փոխադարձ մեղադրանքներով։ Պարոն Յանուկովիչը ելույթ ունեցավ Ուկրաինայի արեւելյան, արդյունաբերական շրջանում նախընտրություն վայելող լեզվով՝ ռուսերենով, մինչ պարոն Յուշչենկոն հավատարիմ մնաց ուկրաիներենին։

Նա ասաց. "Այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ նոյեմբերի 21-ին կայացած ընտրությունների արդյունքները խարդախվեցին։ 3 միլիոնից ավելի քվեաձայներ գողացվեցին իմ ընդդիմադիրի եւ նրա խմբի կողմից։"

Կրեմլի կողմից սատարվող պարոն Յանուկովիչը հերքեց այս մեղադրանքները, նշելով. "Իմ եւ իմ քվեատուների նկատմամբ Ձեր մեղադրանքները մեզ հնարավորություն չեն տալիս լավատեսորեն տրամադրվել ապագայի նկատմամբ։"

Վկայակոչված խարդախումների պատճառով Ուկրաինայի Գերագույն դատարանն անվավեր ճանաչեց երկրի նախագահական ընտրությունները։ Պարոն Յուշչենկոն իր հակառակորդին մեղադրեց խարդախ կառավարման համար, ինչի արդյունքում չի բարելավվել շարքային ուկրաինացիների կյանքը։

Նա նշեց. "Նախ, իշխանությունները բառացիորեն հանցավոր են։ Երկրորդ, ստվերային շուկայական տնտեսությունը հիմնված է 3 կամ 4 ընտանիքների վրա։"

Պարոն Յանուկովիչն ասաց, թե ընտրվելու դեպքում իր հակառակորդը երբեք չի լինի ամբողջ Ուկրաինայի, այլ կլինի միայն երկրի արեւմտյան, ավելի ազգայնամոլական մասի նախագահը։

Նա նշեց. "Եթե կարծում եք, թե ընտրություններում հաղթելու դեպքում կարող եք դառնալ ամբողջ Ուկրաինայի նախագահը, ապա չարաչար սխալվում եք։ Հաղթանակի դեպքում թերեւս դառնաք երկրի միայն մի մասի նախագահը։"

Միլիոնավոր ուկրաինացիներ դիտեցին 100 րոպե տեւողությամբ հեռուստաբանավեճը։

Հեռուստաբանավեճի վերջում նախագահական երկու թեկնածուները սեղմեցին միմյանց ձեռքերը, սակայն դեկտեմբերի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Ուկրաինան մնում է չափազանց տարանջատված։

XS
SM
MD
LG