Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների նախազգուշացումն Ուկրաինային  - 2004-12-09


Միացյալ Նահանգները Ուկրաինային նախազգուշացնում է, որ նախագահական ընտրությունների հաջորդ փուլում խարդախումների փաստերն անհետեւանք չեն մնա։

Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականի տեղակալ Ջոն Թեֆթն ասաց. "Եթե Ուկրաինայի կրկնական ընտրությունները մեկ անգամ եւս չբավարարեն ժողովրդավարության չափանիշներին, ապա կխաթարվեն մեր երկրների միջեւ հարաբերությունները, բացասական հետեւանքներ կլինեն Ուկրաինայի Եվրո-Ատլանտյան միությանն անդամակցելու ուղղությամբ եւ խարդախումներն իրագործած անձանց նկատմամբ։ Թերեւս կիրառության մեջ մտնի նախագահի 7-7-5-0 համարի հռչակագիրը, որով կառուպցիայի եւ հակա-ժողովրդավարական գործունեության մեջ ներգրավված անձանց մերժվում է ԱՄՆ մուտքի վիզան։"

Պարոն Թեֆթը նշեց, թե Ուկրաինայի ընտրությունների դիտորդական առաքելությանն աջակցելու համար նախագահ Բուշի վարչակազմը փորձում է Կոնգրեսից ստանալ 3 միլիոն դոլարի գումար։

Սենատոր Ռիչարդ Լուգարը ներկայացրեց մի շարք հանձնարարականներ, որոնք նպատակաուղղված են Ուկրաինայում դեկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ խարդախումների կանխելուն։

Սենատոր Ռիչարդ Լուգարն ասաց. "Պետք է բացառվի հեռակա եւ շարժական կարգով իրականացվող քվեարկությունը։ Պետք է ավելացվի ուկրաինացի եւ միջազգային դիտորդների թիվը։ Նախագահական թեկնածուներին պետք է հավասար հնարավորություն տրվի ներկայացնելու քաղաքական իրենց ծրագիրը եւ իրենց դիրքորոշումներն ուկրաինացի ժողովրդին հաղորդելու համար։"

Որոշ օրենսդիրներ իրենց մտահոգությունը հայտնեցին Ուկրաինան պարոն Յանուկովիչի ղեկավարության ներքո ուղղորդելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի առնչությամբ։ Ընտրարշավի ընթացքում Ուկրաինայի վարչապետին իր աջակցությունը հայտնելու նպատակով պարոն Պուտինը երկու անգամ այցելել է Ուկրաինա եւ պարոն Յանուկովիչին վաղաժամ շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի համար։

Սենատոր Հենրի Հայդը նշեց, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի կողմից ավելի նվազ միջամտությունը նպաստավոր կլինի ո՛չ միայն ուկրաինացիների, այլեւ ռուս ժողովրդի համար։

Սենատոր Հայդն ավելացրեց. "Առանց Ուկրաինայում գերիշխանություն ունենալու հեռանկարի, Ռուսաստանի ժողովուրդը վերջապես կազատվի երկրի ղեկավարների փայփայած՝ Եվրոպայում կայսրություն ունենալու տեսլականից։"

Երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեղմացրեց իր դիրքորոշումը՝ ասելով, որ պատրաստ է համագործակցելու Ուկրաինայում ընտրված ցանկացած նախագահի հետ։

ԱՄՆ-ի Արտգործնախարարի օգնականի տեղակալ Ջոն Թեֆթն ասաց, թե քաջալերված է մեկնաբանություններով։

XS
SM
MD
LG