Մատչելի հղումներ

Խորհուրդներ տվող խոսող գրքերը - 2004-09-02


Առողջապահական հարցերի մասին խորհուրդներ տվող խոսող գրքերը մեծ օգնություն են զարգացող երկրների բնակչությանը։

Մարդու կյանքի միջին տեւողությունն Աֆղանստանում 35 տարի է։ Երկրում ինչպես ծնելիության, այնպես էլ մայրերի ու նորածինների մահացության տոկոսը խիստ բարձր է։ Այստեղ տարածված են դողէրոցքը, կարմրուկն ու թոքախտը, իսկ բազմաթիվ հիվանդանոցներ ողբալի վիճակում են։

Չնայած տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ու ոչ-կառավարական խմբերի օգնությանը, ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպան Սաիդ Թայեդ Ջավադն ասում է թե կացությունը լուրջ է։

Ներկայումս նույնիսկ Քաբուլի հիվանդանոցներում երկու կամ երեք երեխաների բաժին է հասնում մեկ մահճակալ։ Ծնողնե՛րն են բերում իրենց երեխաների դեղորայքն ու ներարկիչները։ Նրանք, ովքեր դեղորայք չեն կարողանում գնել, մահանում են հիվանդանոցում։ Նույնիսկ սովորական վիրահատության համար հիվանդանոցները չունեն բժիշկներ ու բժշկական սարքավորումներ։

Աֆղանստանի առողջապահության լուրջ կացությունը բարելավելու նպատակով ԱՄՆ-ը հատկացրել է քսան հազար օրինակ խոսող գրքեր, որոնք փաշտու, դարի եւ անգլերեն լեզուներով տեղեկություններ են տալիս առողջության խնամքի մասին։ Թարգմանությունները կատարել է Ամերիկայի Ձայնը։

Աֆղանացի կանանց ընդամենը 20 տոկոսն է գրագետ։ Այս կացությունը մարդկանց խոչընդոտում է հիմնական տեղեկություններ ստանալ սննդառության, հիգիենայի եւ վարակիչ հիվանդությունների, էլ չասած ծնողական խնամքի ու ծննդաբերության շուրջ, որի մասին տեղեկություններ է տալիս գիրքը։

Մարտկոցով աշխատող գիրքը բանավոր տեղեկություններ է հայտնում, երբ այն օգտագործողը ձեռք է տալիս նկարների որոշակի մասերի։ Ռոբերտ Լալին աֆղանական գիրքը ստեղծող ընկերության նախագահն է։ Նա ասում է, թե հասարակական առողջապահությունը տուժում է աշխարհի բազմաթիվ երկրներում տիրող անգրագիտության հետեւանքով։

Ռոբերտ Լալի. ՛՛Մենք սա նաեւ կիրառելի ենք համարում այլ երկրներում, հատկապես զարգացող երկրներում։ Մենք ուշի ուշով հետեւում ենք Ձիահ-հիվանդությանը Ենթասահարային Աֆրիկայում՛՛։

Գիրքը փորձած բազմաթիվ աֆղանցիների դուր է գալիս դրա հնարավորությունները։ Սակայն բազմաթիվ անձինք մտահոգված են, որ ԱՄՆ-ը դժվարություններ կկրի գիրքն այդ երկրի գավառներ ուղարկելու գործում, ուր ապրում է բնակչության գրեթե 75 տոկոսը։

XS
SM
MD
LG