Մատչելի հղումներ

Մարս - Մի ժամանակ ջրի առկայության ապացույց - 2004-03-16


ՄԱՐՍ- ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ. Միացյալ Նահանգների Օդագնացության եւ տիեզերքի ուսումնասիրման գործակալության, կրճատ ՆԱՍԱ-ի ղեկավարները հայտնել են, թե Մարս ուղարկած իրենց տիեզերական ինքնագնացներից մեկը Երկիր է ուղարկել ապացույցներ, որ կարմիր մոլորակի մակերեւեույթը մի ժամանակ ջուր է ունեցել, որը նպաստավոր միջավայր է եղել կյանքի գոյատեւման համար։ Մարսի մակերեւույթին մեկ ամիս աշխատելուց հետո ՚՚Օփըրթունիթի՚՚ կոչվող ինքնագնացը հայտնաբերել է այն՝ ինչի համար ուղարկվել էր։ ՆԱՍԱ-ի տիզերական ուսումնասիրությունների ղեկավար Էդ Վիլերը հայտնել է, թե շերտավոր հիմնաժայռերով մի բաց տեղանքի հանքանյութերի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք ձեւավորվել են ջրում։ Այս մասին պարոն Վիլերը հայտնել է հետեւյալը.

՚՚Օփըթյունիթի՚՚ ինքնագնացը վայրէջք է կատարել Մարսի մի շրջանում, ուր հեղուկ ջուրը մի ժամանակ ողողել է տեղանքի մակերեւույթը։ Բացի այդ, այս շրջանը թերեւս կարող է եղած լինել ապրելու համար նպաստավոր միջավայր՚՚,-ասել է պարոն Վիլերը։

Սակայն տիեզերական առաքելությունն իրականացրած գիտնականները հայտնել են, թե մոլորակի այդ շրջանում մի ժամանակ ջուր եղած լինելու ապացույցը դեռեւս չի նշանակում, որ դա եղել է ջրի վիթխարի պաշար, ինչպես օրինակ, օվկիանոս որն այդ ժամանակից ի վեր գոլորշացել է, եւ կամ ջուրը միգուցե պարզապես հոսել է ժայռերի միջով, որոնք կազմավորվել են հրաբուխների կամ այլ պրոցեսների հետեւանքով։ Գիտնականներին նաեւ դեռեւս հայտնի չէ, թե ջուրը երբ եւ որքան ժամանակ է հոսել Մարսի մակերեւույթին։ Նրանք շեշտում են, որ չեն կարողանում որոշել, թե ջրի առկայության հետեւանքով Մարսի վրա արդյո՞ք գոյություն է ունեցել կյանք։ Մոլորակի վրա երբեւէ կյանք եղած լինելը պարզելու նպատակով, ՆԱՍԱ-ն ծրագրում է այս տասնամյակի վերջում Մարսից Երկիր բերել ժայռակտորի եւ հողի նմուշ։

XS
SM
MD
LG