Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 15.03.2004 - 2004-03-15


ԻՐԱՔՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

Քսանհինգ անդամ ունեցող Իրաքի վարչական խորհուրդը կայացրեց ազատ, հրապարակային ու կենսունակ բանավեճ եւ լրումին հասցրեց իրենց երկիրը կառավարելու մի կառույց։ Մարտի ութին Իրաքի ղեկավարները վավերացրեցին մի ժամանակավոր սահմանադրություն, որի ստորագրումը ճանապարհ հարթեց, որպեսզի, ըստ նախատեսվածի, հունիսի երեսունին իրաքցիները ստանձնեն երկրի գերիշխանությունը։

Վարչական խորհրդի նախագահ Մոհամմեդ Բահր ալ-Ուլումն ասում է, թե իրաքցիներն ՚ապրում են ամուր հիմքով նոր Իրաք կառուցելու պատմական պահը… որը պաշտպանում է մարդ արարածի արժանապատվությունը եւ մարդու իրավունքները՚՚։

Ժամանակավոր սահմանադրության մեջ ասված է, որ նոր Իրաքը կլինի ՚դաշնային, ժողովրդավարական եւ բազմակարծությամբ առաջնորդվող երկիր՚։ Այնտեղ կոչ է արված, որպեսզի մինչեւ 2005 թվականի հունվարի երեսունմեկը կայանան ընտրություններ։ Ժամանակավոր սահմանադրությունը պաշտպանում է ազատորեն արտահայտվելու եւ խաղաղորեն հավաքներ կայացնելու, քաղաքական կուսակցություններ ստեղծելու եւ ըստ խղճի՝ դավանելու իրավունքները։ Ժամանակավոր սահմանադրության հոդվածներից մեկում ասված է, որ եթե Իրաքի երեք նահանգներից որեւէ մեկի քվեատուների երկու-երրորդի կողմից մերժվի ժամանակավոր սահմանադրությունը, ապա այն պետք է վերանայվի։

Նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե ՚Այս ժամանակավոր վարչական օրենքը… Իրաքը կառաջնորդի դեպի ժողովրդավարական ապագա՚. ՚Իրաքցիները վերջին տասնամյակներում առաջին անգամ կապրեն իրավունքների գրված օրինագծի հստակ պաշտպանության ներքո։ Այդ օրենքի համաձայն, բոլոր իրաքցիները հավասար են։ Կրոնական կամ ազգային որեւէ խումբ նախապատվություն չպետք է ունենա եւ նրանցից ոչ մեկը պետության կողմից չպետք է արժանանա խտրականության՚։

Ժամանակավոր սահմանադրությունը կհանգեցնի մշտական փաստաթղթի ստեղմանը, որը կնախագծվի առաջիկա ամիսներին։

՚Դեռեւս մնում է Իրաքի կառավարությունն ստեղծելու դժվարին աշխատանքը,-ասում է նախագահ Բուշը։-Այդուհանդերձ, իրաքցիները հավասարապես են վերաբերում իրենց առջեւ դրված առաջադրանքներին։ Իրաքցիներն աշխարհին ցույց տվեցին, որ իրենք ի վիճակի են ապրելու ազատորեն՚։

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածն արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

XS
SM
MD
LG