Մատչելի հղումներ

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԼՑՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ - 2004-03-11


ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. Մոսկվայի արժեթղթերի շուկայում ներդրողները դրականորեն են արձագանքել անցած երեքշաբթի Ռուսաստանի նոր կառավարության կազմի մասին հայտարարությանը։ Մոսկվայի արժեթղթերի շուկան աշխուժացավ այն լուրից, որ բարեփոխամետներ Ալեքսեյ Կուդրինն ու Գերման Գրեֆը մնալու են Ֆինանսների ու տնտեսական զարգացման եւ Առետրւի նախարարի իրենց պաշտոններում։ Մոսկվայում հաստատված միջնորդական ընկերություններից մեկի գլխավոր տնտեսագետ Ռոլանդ Նաշը հայտնել է, թե նախագահ Պուտինի կողմից այսպիսի նոր կառավարության անդամների նշանակումը հենց այն նշանն է, որը ներդրողները փափագում էին տեսնել Ռուսաստանի շուկաներին վստահանալու համար։ Այս մասին պարոն Նաշն ասել է հետեւյալը.

՚՚Շուկան ինչպես երեկ, այնպես էլ այսօր արձագանքել է դրականորեն։ Շուկան այս պահին չափազանց համակիր է Ռուսաստանի նկատմամբ եւ փափագում էր, որպեսզի դրական կառավարություն նշանակվի։ Չեմ կարծում, թե նրանք հիասթափված կլինեն նոր կառավարությունից։ Այսպիսով, ներդրողները լավատեսական նոր պոռթկումով են լցված Ռուսաստանում իրենց ներդրումների առնչությամբ՛՛, -ասել է պարոն Նաշը։

Պարոն Նաշը հայտնել է, թե նախագահ Պուտինը հաստատում է վարչապետ Միխայիլ Ֆրադկովի կատարած ընտրությունները եւ շեշտը դրել է արդյունավետության վրա։ Նա հայտնել է, թե պարոն Պուտինի պայմանների համաձայն դա նշանակում է, թե կառավարությունը պետք է իրագործի Կրեմլի քաղաքականությունը, հատկապես պետք է կենսագործի տնտեսական բարեփոխություն ու ավելի եւս կենտրոնացնի քաղաքական իշխանությունը։ Երկրում կայունությունը, ավելացրել է պարոն Նաշը, մշտական գործոն է որի շուրջ ներդրողները համախմբվում են։ Սակայն ոչ բոլորն են ուրախ նոր կառավարության նշանակումից, որը 30 նախարարների փոխարեն այժմ ունենալու է տասնյոթը, իսկ վարչապետը վեց տեղակալների փոխարեն, ինչպես նախկինում ուներ պարոն Կասյանովը, այժմ ունենալու է ընդամենը մեկ տեղակալ։ ՚՚Ռուսաստանում արդի քաղաքականության կենտրոն՚՚-ի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը հայտնել է, թե կառավարության կազմում կատարված փոփոխությունների նպատակը դրա վրա նախագահ Պուտինի վերահսկողությունն ավելացնելն էր։

Պարոն Սիմոնովն ասում է, թե նվազ թվով նախարարներով պարոն Պուտինի համար ավելի դյուրին կլինի վերահսկել նրանց գործողությունները։ Նա ավելացրել է, թե իր իշխանությունն ամրապնդելու համար նախագահն իր ընտրարշավի ղեկավարին ու վաղեմի բարեկամին, Դմիտրի Կոզակին նշանակել է նոր կառավարության աշխատակազմի ղեկավար։ Պարոն Սիմոնովը նաեւ ասել է, թե այժմ, երբ իր բարեկամը երկրի կառավարության բյուրոկրատիայի ղեկավարն է, պարոն Պուտինը հնարավորություն կունենա ավելի սերտորեն հետեւելու վարչապետ Ֆադկովին։ Ծրագրի համաձայն, Ռուսաստանի նոր կառավարությունն իր անդրանիկ նիստը կայացնելու է այսօր։

XS
SM
MD
LG