Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 17.02.2004 - 2004-02-17


ԱԼ-ՔԱԻԴԱՆ ԹԻՐԱԽՆԵՐ Է ԸՆՏՐՈՒՄ ԻՐԱՔՈՒՄ

Վերջերս ձեռք բերված մի նամակից ի հայտ է գալիս, որ ալ-Քաիդայի հետ առնչված ահաբեկիչ Աբու Մուսաբ ալ-Զարգավին լավատեղյակ է, որ ահաբեկիչները պարտություն են կրում Իրաքում։ Խելահեղությամբ բռնված, ալ-Զարգավին հուսով է ահաբեկիչների պարտությունը կասեցնել Իրաքի շիա եւ սունի մահմեդականների միջեւ կրոնական պատերազմ հրահրելով։ Նրա ծրագիրը մանրամասնված էր տասնյոթ էջից բաղկացած մի փաստաթղթում, որը ձեռք են բերել դաշնադրային իշխանությունները, Բաղդադում գտնվող ալ-Քաիդայի պատսպարաններից մեկի դեմ կատարված շուրջկալի ժամանակ։ Այդ փաստաթուղթը գրանցված էր լազերային մի ձայնասկավառակի վրա, որը պետք է տարվեր Աֆղանստան, ալ-Քաիդայի բարձրաստիճան ղեկավարներին հանձնելու համար։ Սակայն գործակալը ձերբակալվել էր Իրաքում։

Իրաքյան ռազմական գործողությունների տնօրենի տեղակալ, ամերկացի գեներալ Մարկ Կիմիթն ասում է, թե առգրավված փաստաթուղթը մեծ լույս է սփռում ստվերոտ ահաբեկչական ցանցի գործունեության վրա։ Նա ասում է. ՚Մենք վստահ ենք, որ այս նամակի հեղինակը Զարգավին է… Սա հավելյալ ապացույց է այն բանի, որ փաստորեն ալ-Քաիդան կամ նրա հետ աշխատել ցանկացող անձինք գործում են երկրի ներսում՚։

Զարգավին իր տերերին պատմում է, որ անձնասպան ռմբահարումները եւ ահաբեկչական այլ գործողությունները հաջողություն չեն բերում։ ՚Ես ի կատար եմ ածել այս ահաբեկչական գործողություններից քսանհինգը, դրանց մի մասը շիա մահմեդականների եւ նրանց ղեկավարների, ամերիկացիների եւ իրաքյան ոստիկանների ու դաշնադրային զինյալ ուժերի դեմ էին՚,-գրում է Զարգավին։-՚Ամերիկան, հեռանալու որեւէ մտադրություն չունի՚, մինչեւ որ լրումին չհասցնի իր առաքելությունը։ Ինչ վերաբերում է իրաքյան ժողովրդին, ապա Զարգավին ալ-Քաիդայի ղեկավարներին գրում է, ՚նրանք թույլ չեն տա, որ իրենց տները դարձնեք գործողությունների հենակայան կամ պատսպարան՚։

Զարգավին առաջարկում է, որ ալ-Քաիդան ահաբեկչական հարձակումներ սկսի շիա մահմեդականների եւ նրանց ղեկավարների դեմ, Իրաքում սուննի մահմեդականների դեմ փոխվրեժի գործողություններ հրահրելու համար։ Աղանդավորական պատերազմը, ասում է նա, պետք է սկսվի երկրի գերիշխանությունը հունիս ամսին Իրաքի ժողովրդավարական կառավարությանը հանձնվելուց առաջ։ Դրանից հետո, ասում է նա, ալ-Քաիդան ՚արդարանալու որեւէ խնդիր չի ունենա՚ Իրաքում քաղաքացիական պատերազմի արշավ հրահրելու համար։

՚Մեր թշնամին օրեցօր դառնում է ավելի զորեղ՚,-ասում է Զարգավին։ Այն ապավինում է ժողովրդավարական Իրաքին եւ դաշնադրային ուժերին։ Իսկ առ այսօր այն ճիշտ է։

XS
SM
MD
LG