Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշի կարծիքով Միացյալ Նահանգների տնտեսությունն ամուր է եւ շարունակում է հզորանալ - 2004-02-11


ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ.Նախագահ Ջորջ Բուշը հայտնել է, թե Միացյալ Նահանգների տնտեսությունն ամուր է եւ շարունակում է էլ՛ ավելի հզորանալ։ Պարոն Բուշի կարծիքով առաջիկայում ավելանալու են նոր աշխատատեղեր։ Սպիտակ Տան կողմից երկրի տնտեսության կացության ամենամյա գնահատումը հրապարակվելու օրը նախագահը մեկնեց երկրի տարբեր նահանգներ շրջագայության, իր քաղաքականությունն առաջ մղելու համար։ Նա ուղեւորվեց Միսսուրիի նահանգ, ուր մրցում էին Դեմոկրատական կուսակցությունից նախագահական պաշտոնի թեկնածուները։ Հարցախույզի տվյալների համաձայն, ամերիկացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ տնտեսությունն ամենակարեւոր հարցն է լինելու այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Սփրինգֆիլդ քաղաքում մանր բիզնեսների ղեկավարների ու աշխատակիցների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նախագահ Բուշը հայտնել է, թե երկրի տնտեսական ապաքինումը բարելավվում է իր հսկողության ներքո։ Նա նշել է.

՚՚Տնտեսական աճը լավ է։ Նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Շահատոկոսները ցածր են։ Տների գնումն Ամերիկայում հասել է երբեւէ ամենաբարձր մակարդակներից մեկին, որը դրական է։ Մարդիկ գնում են տներ՚՚,- ասել է նախագահ Բուշը։

Նախագահը հայտնել է, թե երկու ուժեր են նպաստել տնտեսության աճին. ամերիկացիների ձեռնարկատիրական ոգին եւ իր կողմից Կոնգրեսում առաջ մղված եկամտահարկերի կրճատումը։ Նա Կոնգրեսին հորդորեց այդ կրճատումները դարձնել մշտական։ Այս մասին նա նշել է հետեւյալը.

՚՚Երբ մարդկանց եկամտահարկերը կրճատվում են, նրանց հնարավորություն է տրվում իրենց սեփական դրամի ավելի շատ մասն ունենալ։ Դա նշանակում է, թե ինչ-որ մեկը պահանջելու է հավելյալ ապրանքներ ու ծառայություններ, ու երբ նրանք պահանջեն հավելյալ ապրանքներ կամ ծառայություններ մեր տնտեսությունում, ինչ-որ մեկը պատրաստելու է այդ ապրանքները եւ մատուցելու է այդ ծառայությունները՚՚,- ասել է պարոն Բուշը։

Մայրաքաղաք Վաշինգտոնից Միսսուրի նախագահի ուղեւորությունից կարճ ժամանակ առաջ, Սպիտակ Տունը Կոնգրեսին հանձնեց տնտեսության կացության շուրջ իր ամենամյա զեկույցի պատճեները։ Տնտեսական հարցերով նախագահի խորհրդականները 412 էջանոց փաստաթղթում հայտնել են, թե տնտեսության աճի հեռանկարը դրական է։ Նրանք նաեւ կանխագուշակել են, որ այս տարի ստեղծվելու են նշանակալից թվով աշխատատեղեր։

XS
SM
MD
LG