Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ 25.01.2004 - 2004-01-25


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանը քայլեր են ձեռնարկում, զորացնելու համար իրենց ռազմավարական գործակցությունը։ Այդ քայլերի թվում է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, տիեզերքի քաղաքացիական ուսումնասիրության եւ բարձրակարգ տեխնոլոգիաների առեւտրի բնագավառներում հարաճունորեն մեծացող համագործակցությունը։

Մեծ մտահոգություն է զանգվածային բնաջնջման, հատկապես միջուկային զենքերի տարածումը։ Միացյալ Նահանգները Հնդկաստանի հետ ջանում է ապահովել, որ խարդախ պետություններն ու ահաբեկչական խմբերն ի վիճակի չլինեն հասու լինելու այս սոսկալի զենքերին, կամ էլ դրանց արտադրության միջոցներին։ ՚Մենք ահաբեկչության դեմ մղվող պատերազմում գործակիցներ ենք,-ասել է նախագահ Ջորջ Բուշ կրտսերը,-եւ մենք գործակիցներ ենք զանգվածային բնաջնջման զենքերի ու դրանք արձակելու միջոցների չտարածման բնագավառում՚։

Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները հրթիռային պաշտպանության հարցում Հնդկաստանի հետ ծավալում է իր երկխոսությունը։ Միացյալ Նահանգները եւ նրա բարեկամներն ու դաշնակիցները այդօրինակ պաշտպանության կարիքն ունեն, զանգվածային բնաջնջման զենքեր առաքելու կարողությամբ հրթիռներով զինված խարդախ պետությունների կողմից ակնկալվող սպառնալիքից պաշտպանվելու համար։

Միացյալ Նահանգները նաեւ կարտոնի, որ Հնդկաստանին վաճառվի բարձրակարգ տեխնոլոգիա, պայմանավ սակայն, որ Հնդկաստանը քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ տեխնոլոգիան չանցնի դրանք ստանալուց զրկված վարչակարգերի ձեռքը կամ էլ երաշխավորի, որ այն չի վերաարտահանվի։

Միացյալ Նահանգների գործակցությունը Հնդկաստանի հետ, ասում է նախագահ Բուշը, հիմնված է ՚բարոյական ընդհանուր արժեքների, կամ ընդհանուր շահերի՚, այդ թվում ազատության նկատմամբ ստանձնած հանձնառության վրա։ Նախագահ Բուշն ասել է. ՚…մարդկանց բարգավաճումը, սոցիալական կենսունակությունն ու տեխնոլոգիական առաջընթացն ուղղակիորեն որոշվում են նրանց ազատության տարողությամբ։ Ազատությունը խթանում է մարդկային ստեղծարարությունը, իսկ ստեղծարարությունը զորացնում եւ հարստացնում է երկրներին՚։

Ծավալված համագործակցությունը, ասել է նախագահ Բուշը, ՚Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի միջեւ հարաբերության փոխակերպման կարեւոր ուղենիշ է՚։

XS
SM
MD
LG