Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ 24.01.2004 - 2004-01-24


ԻՐԱՔՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Իրաքի ժողովուրդը վայելում է իր նոր ազատությունը։ ՚Վերջին վարչակարգի օրոք, մեր առաջնահերթ խնդիրը ինչպես գոյատեւելն էր՚, ասում է Մունա Խդերը, Իրաքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի կամավոր աշխատողներից մեկը։ Օրիորդ Խդերն ասում է, թե ինքը հուսով է, որ կարող է ինչ-որ բան սովորել ժողովրդավարության մասին։ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից ի վեր, բազմաթիվ այլ իրաքցիներ միացել են նրան այս փնտրտուքներում։

Համայն երկրում կայացել են տեղական հանդիպումներ։ Մոսուլում կայացած համահավաքի ժամանակ ելույթ ունեցողները համաձայնել են, որ Իրաքը պետք է լինի ժողովրդավարական երկիր։ Ամենեւին էլ անակնկալ չէր, որ իրաքցիները տարաձայն էին այն հարցում, թե ի՞նչպես պետք է իրականացվի ժողովրդավարությունը։ ՈՒՈԼ ՍԹՐԻԹ ՋԸՌՆԸԼ օրաթերթը տեղեկացնում է, որ Մոսուլի տարածաշրջանի շրջանային ղեկավար Ղանիմ ալ-Բասոն ասել է, թե ՚Մենք պետք է գործենք որպես մեկ ձեռք ու մեկ սիրտ։ Սակայն ժողովրդավարությունը նոր արտահայտություն է մեզ համար՚,-ասել է նա,-եւ մենք փորձառություն չունենք այդ խնդրում՚։

Իրաքցիները ժողովրդավարության ձեւերի ու մեխանիզմների վերաբերյալ բանավեճից ավելին են անում։ Նրանք նաեւ ապրում են ժողովրդավարությամբ։ Հարյուրավոր թերթեր են հրատարակվում բազմազան կարծիքներով։ Բաղդադում խանութները լի են ապրանքներով։ Բացվել են ինտերնետային սրճարաններ։ Ամենուրեք հնչում է երաժշտություն։

Սակայն բաասական վարչակարգը տապալելուց հետո անգամ Միացյալ Նահանգների գլխավորած դաշնադրությունն ու իրաքյան ժողովուրդը դեռեւս դիմագրավում են Սադամ Հուսեյնի աջակիցների մնացուկների բռնարարքները։ Այս մարդասպանները, արտասահմանցի ահաբեկիչների հետ մեկտեղ շարունակում են մնալ վտանգավոր։ ՚Այո,-ասում է նախագահ Ջորջ Բուշ կրտսերը,-մենք առաջընթաց ենք կատարում նրանց դեմ մղվող պայքարում՚։ Նա նշում է. ՚Նոր Իրաք կառուցելու աշխատանքը դժվարին է, եւ դա ճիշտ է։ Ամերիկան միշտ էլ պատրաստակամ է եղել անելու այն, ինչը համարել է ճիշտ։ Անցյալ հունվար ամսին Իրաքի միակ օրենքը մի դաժան մարդու կամայականությունն էր։ Այսօր մեր դաշնադրությունն աշխատում է Իրաքի վարչական խորհրդի հետ, նախագծելու համար մի հիմնական օրենք, իրավունքների օրինագծի հետ մեկտեղ։ Մենք իրաքցիների եւ ՄԱԿ-ի հետ աշխատում ենք, նախապատրաստվելով մինչեւ հունիս ամիս այդ երկրի գերիշխանությունը վերափոխելու համար՚։

՚Մինչ ժողովրդավարությունը տիրապետող է դառնում Իրաքում, ազատության թշնամիները ամենայն կարելին կանեն բռնություն ու երկյուղ սփռելու համար,-ասում է նախագահ Բուշը, սակայն ավելացնում է, որ,-մարդասպանները կձախողվեն, եւ իրաքյան ժողովուրդը կապրի ազատության մեջ՚։

XS
SM
MD
LG