Մատչելի հղումներ

ԿՐԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ - 2004-01-10


Ներկայումս Ինտերնետային կապ ապահովող համակարգչային կենտրոններ ունեցող սրճարաններ են գործում աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Այժմ, Միացյալ Նահանգների մի քանի միջնակարգ դպրոցներ բացում են նման կենտրոններ։ Օրինակ, Մերիլենդի նահանգի միջնակարգ դպրոցներից մեկում անցած տարվա մարտ ամսից սկսել է գործել Ինտերնետային կապ ապահովող համակարգչային կենտրոն ունեցող սրճարան։ Սակայն դպրոցի ղեկավարները հայտնել են, թե դա հատկապես օգնում է այն աշակերտներին, ովքեր համակարգիչ չունեն կամ տանը չեն կարողանում օգտվել Ինտերնետից։ Դպրոցի ղեկավարները նաեւ հայտնել են, թե իրենց աշակերտների տասներեք տոկոսն աղքատ ընտանիքներից են։ Բազմաթիվ աշակերտներ միայն վերջերս են ներգաղթել Միացյալ Նահանգներ այլ երկրներից։ Դպրոցի անգլերենի ուսուցման ծրագրում ընդգրկված աշակերտները խոսում են աշխարհի քսաներեք լեզուներով։ Մերիլենդի նահանգի Բեթեզդա-Չեւի Չեյսի միջնակարգ դպրոցում Ինտերնետային կապով համակարգչային կենտրոն ունեցող սրճարան ստեղծելու գապափարը ծագել է երեք տարի առաջ։ Այդ ժամանակ դպրոցի ղեկավարները ծրագրում էին վերանորոգել դպրոցի շենքը։ Տեխնոլոգիայով հետաքրքրված ծնողներն առաջարկեցին ստեղծել Ինտերնետային սրճարան։ Չնայած իրենց շրջանը տուժել էր բյուջետային կրճատումներից, նրանք ցանկացան ունենալ նման կենտրոն։ Շրջանի համայնքը պատրաստակամություն հայտնեց դպրոցին օգնել այդ հարցում։ Համայնքը ցանկանում էր, որպեսզի աշակերտներն ունենան սովորելու լավագույն հնարավորությունը։ Այդ գաղափարին աջակցեցին նաեւ շրջանի պաշտոնատարները, եւ Բեթեզդա-Չեւի Չեյսի միջնակարգ դպրոցի Կրթական հաստատություն կոչվող կազմակերպությունը։ Հաստատության անդամներ են աշակերտների ծնողներ, ուսուցիչներ, դպրոցի նախկին աշակերտներ, գործարարներ, համայնքային եւ այլ ղեկավարներ։ Երկու տարի շարունակ Հաստատությունը դրամ էր հանգանակում Ինտերնետային սրճարան ստեղծելու եւ նոր համակարգիչներ գնելու համար։ Հաստատության հանգանակած գումարը կազմեց 170 հազար դոլար։ Դպրոցի Ինտերնետային սրճարանն այժմ ունի տասնվեց համակարգիչ, մեկ տպող՝ եւ հեռավորության վրա համակարգչի էկրանին պատկեր կամ տեքստ փոխադրող մեկ այլ սարք։ Դպրոցի ղեկավարներից Ան Հենգրերը հայտնել է, թե աշակերտներն Ինտերնետից օգտվում են իրենց ուսումնասիրություններն ամբողջացնելու համար։ Նրանք համակարգչով նաեւ կատարում են տնային աշխատանքներ։ Բացի այդ, նրանք կարող են ստանալ եւ ուղարկել էլեկտրոնային փոստ։ Դա հատկապես կարեւոր է այլ երկրներում հարազատներ ունեցող բազմաթիվ աշակերտների համար։ Ինտերնետային սրճարանը նաեւ ծառայում է սոցիալական նպատակի։ Այցելուները կարող են այնտեղ կանգ առնել սուրճ կամ թեյ ըմպելու համար։ Նյու Յորքի Լոնգ Այլընդի շրջանում Վոլթըր Ջի Օ՝Քոննըլ Քոփեյգի միջնակարգ դպրոցն իր Ինտերնետային սրճարանում ունի վեց համակարգիչ։ Դպրոցի աշակերտներից մեկը հայտնել է, թե կարող են համակարգիչներով իրենց տնային աշխատանքները կատարել նույնիսկ դպրոցից տուն վերադառնալուց առաջ։

XS
SM
MD
LG