Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2004-01-05


Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

Ահաբեկչական բջիջների գործունեությունը խոչընդոտվել է Համբուրգում, Միլանում, Սինգապուրում, Մադրիդում, Լոնդոնում, Փարիզում եւ բազմաթիվ այլ քաղաքներում։ Սառեցվել է ահաբեկչական ցանցերին պատկանող միլիոնավոր դոլարի ունեցվածք։ Փակվել են ահաբեկչական կազմակերպություններին սատարող բազմաթիվ խմբեր։ Աշխարհի հարյուրից ավելի երկրներում ձերբակալվել են Ալ-Քաիդայի երեք հազարից ավելի անդամներ։ Պակիստանը ձերբակալել է Թալեանի եւ ալ-Քաիդայի հինգ հարյուրից ավելի կասկածյալ աշխատակիցների։ Մալայզիան, Ինդոնեզիան եւ Ֆիլիպինները ձերբակալել են ալ-Քաիդայի հետ կապ ունեցող ահաբեկիչների տասնյակ ղեկավարների։

Ահաբեկչության դեմ պատերազմում 2003 թվականին ձեռք բերված ամենանշանակալից հաջողությունն Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի պարտությունն էր։ Սակայն ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվում է Իրաքում։ Նախագահ Ջորջ Բուշը հայտնել է, թե Իրաքն ազատագրելուց ի վեր, այդ երկրում ավելացել են ինչպես տեղի՝ այնպես էլ օտարերկրյա ահաբեկիչները։ Այս մասին պարոն Բուշն ասել է հետեւյալը.

՝՝Ալ-Քաիդան եւ աշխարհի տարբեր երկրներում գործող ահաբեկչական ցանցերը գիտակցում են, որ Սադամ Հուսեյնի վարչակարգի պարտությունն իրենց պարտությունն է։ Նրանք ըմբռնում են, որ Մերձավոր Արեւելքի կենտրոնում ժողովրդավարական Իրաք ստեղծվելու դեպքում դա կլինի ահաբեկչական իրենց գաղափարախոսության նոր պարտությունը։ Ազատությունը սպառնալիք է ահաբեկիչների կենսաոճին՝՝։ Ալ-Քաիդան խիստ վնասվել է ահաբեկչության դեմ պատերազմի հետեւանքով։ Սեպտեմբերի տասնմեկի հարձակումները կազմակերպելու գործում անմիջականորեն ընդգրկված ալ-Քաիդայի գրեթե բոլոր ահաբեկիչներն այժմ կալանված՝ կամ էլ մահացած են։ Ալ-Քաիդայի բարձրաստիճան ղեկավարների գրեթե 65 տոկոսը ձերբակալվել, կամ սպանվել է։ Սակայն, ասել է նախագահ Ջորջ Բուշը, վերջին իրադարձությունները, այդ թվում Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ մահափորձերը ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պատերազմում չպետք է դադար տրվի։ Նա ասել է.

՝՝Ազատության թշնամիներն անգործ նստած չեն, անգործ նստած չենք նաեւ մենք։ Այս երկիրը չի հանգստանա։ Մենք չենք հոգնի։ Մենք կանգ չենք առնի մինչեւ քաղաքակրթությանը սպառնացող այս վտանգը չհեռացվի՝՝։

Ինչպես ավելացրել է պարոն Բուշը, ՚՚քաղաքակիրթ երկրները կշարունակեն իրենց պատերազմն ահաբեկիչների դեմ, երբ էլ նրանք հավաքվեն, երբ էլ ծրագրեն եւ երբ էլ գործեն՚՚։

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածը արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

XS
SM
MD
LG