Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2004-01-02


ՊԱԿԻՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԿԱՐԵՒՈՐ ԶԻՋՈՒՄ

50 տարուց ավելի է, ինչ Պակիստանը եւ Հնդկաստանը թշնամացել են սահմանային Քաշմիրի շրջանի կարգավիճակի պատճառով։ Վեճի առարկա հանդիսացող հարցերի թվում է այն խնդիրը, թե Քաշմիրում արդյո՞ք պետք է հանրաքվե անցկացնել, որպեսզի շրջանի բնակիչներին հնարավորություն տրվի որոշելու Հնդկաստանին կամ Պակիստանին միանալու հարցը։ Ներկայումս, վիճահարույց այս խնդրին վերջ դնելու նպատակով Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտնել է, թե իր երկիրը ցանկանում է ավելի մեծ ճկունություն հանդես բերել Քաշմիրում հանրաքվե անցկացնելու հարցի առնչությամբ, եթե դա կարող է առաջընթացի հանգեցնել վիճահարույց այս խնդրի լուծման գործում։

Պարոն Մուշարաֆը հայտնել է, որ թե՛ Հնդկաստանը, եւ թե՛ Պակիստանը պետք է ճկունություն հանդես բերեն, եթե ցանկանում են լուծում գտնել վիճահարույց այս խնդրին։ Նա նշել է. ՚Մենք հասել ենք մի փուլի, երբ երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները սկսել են ջերմանալ։ Հնդկաստանի եւ Պակիստանի ժողովուրդները ցանկանում են վիճահարույց բոլոր խնդիրների՝ այդ թվում Քաշմիրի խնդրի լուծումը։ Եթե քաղաքական երկխոսությունը չհանգեցնի ցանկալի ելքի, ապա ո՞վ կլինի հաղթողը, եւ ո՞վ պարտվողը։ Չափավորները կհայտնվեն պարտվողի՝ իսկ ծայրահեղականները հաղթողի դերում, եւ ահա թե այստեղ ինչ է տեղի ունեցել տարիներ շարունակ՚։

Քաշմիրի առնչությամբ նախագահ Մուշարաֆի առաջարկությունը հնարավորություն է ընձեռում ձեռնամուխ լինել մի խնդրի լուծման, որը բավականին երկար ժամանակ հանգեցրել է լարված փոխհարաբերությունների Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ, եւ նույնիսկ երկու անգամ վեր է ածվել երկու երկրների միջեւ պատերազմի։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը հայտնել է, թե Միացյալ Նահանգները ողջունում է նախագահ Մուշարաֆի առաջարկը։ Նա նշել է. ՚՚Մեր կարծիքով դրական քայլ է Քաշմիրի խնդրի շուրջ հանրաքվե անցկացնելու պահանջին համաձայնելը։ Կարծում ենք, որ վստահության ստեղծմանն ուղղված այնպիսի միջոցառումներ իրականացնելը, ինչպիսին վերջերս երկու կողմերի կողմից ձեռնարկված միջոցառումներն են, Հնդկաստանին եւ Պակիստանին հնարավորություն են ընձեռում ավելի կանոնավոր հարաբերություններ ունենալու, եւ խթանելու խաղաղության հաստատման առաջընթացը՚՚։

Որպես երկու երկրների միջեւ լարվածության նվազեցման քայլերի մաս Հնդկաստանը եւ Պակիստանն արդեն համաձայնություն են կայացրել Քաշմիրի շրջանը բաժանող սահմանագծի երկայնքով հրադադար հաստատելու խնդրի շուրջ։ Կարեւոր է, որպեսզի երկու երկրներն էլ շարունակեն քայլեր ձեռնարկել իրենց տարաձայնությունները լուծելու ուղղությամբ եւ հանգեն տեւական խաղաղության։

XS
SM
MD
LG