Մատչելի հղումներ

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԻԱՅՈՒՄ - 2003-12-31


Չինաստանի քիմիական ընկերություններից մեկը ձեռք է բերել Հարավային Կորեայի հանրահայտ չորրորդ խոշորագույն ավտոմեքենաշինական ընկերության բաժնետոմսերի փաթեթը, մինչդեռ Ավստրալիայի խանութներում Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ առեւտրի ամենազբաղ ժամանակն է։ Տարբեր ընկերությունների հանրահայտության դասակարգմամբ զբաղվող միջազգային գործակալություններից մեկը նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի առնչությամբ դեռեւս չլուծված վիճահարույց հարցը կարող է վնասել Հարավային Կորեայի վարկային համակարգի վարկանիշին։ Մուդիի ներդրողների ծառայությունը հայտնել է, թե ակնկալում է, որ Հարավային Կորեայի արտարժույթի եւ տեղական դրամարժույթի երկարաժամկետ վարկանիշը կմնա բացասական այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունեն աշխարհա-քաղաքական անորոշություններ։ Մեկ տարուց ավելի է, ինչ ստեղծվել է անելանելի այս կացությունը։ Փհենյանի հետ բանակցությունների նոր փուլ սկսելու առնչությամբ հինգ երկրների, այդ թվում Հարավային Կորեայի ջանքերը դեռեւս ոչ մի արդյունքի չեն հանգեցրել։ Ավստրալիայում, խանութների ստացած եկամուտները դեկտեմբերի 25-ին նախորդած վեց շաբաթների ընթացքում կազմել են 20 միլիարդ դոլարից ավելի։ Սա մոտավորապես երկուս ու կես միլիարդ դոլարով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ։ Ավստրալիայի մանրածախ առեւտրականների միության գործադիր տնօրեն Սթան Մուրը հայտնել է, թե շահատոկոսների վերջերս կատարված ավելացումը չի վհատեցրել գնորդներին։ Այս հարցի առնչությամբ նա մասնավորապես նշել է հետեւյալը. ՚Իմ կարծիքով մանրածախ առեւտրականները պետք է չափազանց գոհ լինեն Սուրբ Ծննդյան տոներին նախորդող շաբաթների ընթացքում կատարած առեւտրից։ Վերջերս շահատոկոսների ավելացումը Սուրբ Ծննդյան տոների այս ժամանակահատվածում կարծես թե նշանակալից ազդեցություն չի գործել սպառողների կատարած ծախսերի վրա՚ ։ Չինաստանի Բլու Սթար անվամբ խումբը մի պայմանագիր է ստորագրել Սանգյոնգ Մոթորզ ընկերության վարկատուների հետ, որպեսզի գնի Հարավային Կորեայի չորրորդ խոշորագույն ավտոմեքենաշինական ընկերությունը։ Քիմիական այս պետական ընկերությունը կգնի ավտոմեքենաշինական ընկերության արժեթղթերի 49 տոկոսը, որի արժեքը կարող է կազմել կես միլիարդ դոլար։ Սանգյոնգ Մոթորզ ընկերության վարկատուներն ընկերության բաժնետոմսերի փաթեթը ձեռք են բերել 1999 թվականին, երբ ասիական ֆինանսական ճգնաժամի հետեւանքով փլուզվեց մայր ընկերությունը։ Գործարքը կվերջնականացվի հաջորդ տարվա մարտ ամսին։ Հոնկոնգում, Չինաստանի կենտրոնական բանկը Չինաստանի բանկի՝ Բանկ օֆ Չայնայի, տեղական մասնաճյուղն ընտրել է որպես տարածաշրջանում չինական բոլոր բանկային գործարքներով զբաղվող հաստատություն։ Հաջորդ տարվա հունվար ամսից սկսած, Հոնկոնգի բանկերը հնարավորություն կունենան չինական տարադրամով ապահովելու ավանդային հաշիվներ, արտարժույթի փոխանակում, դրամական փոխադրություններ եւ վարկային քարտերի ծառայություններ։

XS
SM
MD
LG