Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-25


ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆ

Երկու հազար տարի առաջ, երբ աշխարհում տիրում էր կռիվ, աղքատություն եւ ատելություն, Բեթղեհեմի մսուրներից մեկում ծնվեց Հիսուս Քրիստոսը։ Այդ ժամանակաշրջանի Հռոմեական հզոր կայսրությունում քչերն էին պատկերացնում, թե Հիսուս Քրիստոսի ծնունդն ինչ ազդեցություն կունենա աշխարհի երկրների վրա։ Համեստ մսուրից, որը նորածնի համար ծառայել է որպես մանկական օրորոց, եկավ մարդկության նկատմամբ Աստծո սիրո եւ չարի նկատմամբ բարու վերջնական հաղթանակի մասին պատգամը։ Հիսուս Քրիստոսի պատգամը մարդու արժանապատվության եւ աշխարհի բոլոր մարդկանց եղբայրության մասին էր. յուրաքանչյուր անձ ստեղծվել է Աստծո նմանությամբ։ Այս պատգամը Հռոմեական կայսրության նույնիսկ ամենաստորին խավին, ստրուկներին տալիս էր անգնահատելի արժեք։ Այն գաղափարը, որ ոչ մեկն իրավունք չունի ոտնահարելու անհատի իրավունքները, տարածվեց եւ աստիճանաբար հանգեցրեց պետության իշխանության սահմանափակմանը։ Հիսուս Քրիստոսից դարեր անց, յուրաքանչյուր անձի սրբության իդեալը դարձավ ժամանակակից ժողովրդավարության անկյունաքարը։ Այս սկզբունքն իր արտահայտությունն է գտել Միացյալ Նահանգների Անկախության Հռչակագրում, ուր ասվում է. ՚՚Բոլոր անձինք ստեղծվել են հավասար եւ իրենց Արարչի կողմից օժտվել են որոշակի անկապտելի իրավունքներով՚՚։ Իր կազմավորվելու ժամանակ Միացյալ Նահանգները հիմնականում քրիստոնեական երկիր էր, չնայած ամերիկացիներն այդ դավանանքին հետեւել են տարբեր եղանակներով։ Ավելին. ամերիկացիները Իրավունքների Հռչակագրում, Սահմանադրության առաջին տասը հավելումներում հստակեցրել են, որ կրոնի ազատությունը պետք է հարգվի։ Դրան հաջորդած տասնամյակներից ի վեր, բազմաթիվ դավանանքների պատկանող մարդիկ եկել են Ամերիկա։ Իսկապես, ներկայումս Միացյալ Նահանգները կրոնական տեսանկյունից աշխարհի ամենաբազմազան երկրներից մեկն է։ Քրիստոնեական դավանանքի բոլոր ճյուղերի հավատացյալներ, հրեաներ, մահեդականներ, հինդուներ, բուդդայականներ եւ ուրիշներ։ Ամերիկան համարում են իրենց հայրենիքը։ Բոլոր հավատացյալներն ազատ են դավանելու իրենց կրոնը, ըստ իրենց հայեցողության։ Նման ազատությունն Ամերիկային դարձրել է հզոր։ Սակայն այն Ամերիկային ատելի է դարձրել ազատության թշնամիներին, ինչպես հայտնի դարձրեցին 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումները։ Այդ ժամանակից ի վեր, Միացյալ Նահանգներն աշխարհի քաղաքակիրթ երկրների հետ պատերազմ է մղում ահաբեկչության դեմ։ Մինչ ամերիկացիները վայելում են Սուրբ Ծննդյան տոնը, ասել է նախագահ Ջորջ Բուշը, ՚՚մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծո սիրո հրաշքի համար, եւ վերստին նվիրվում ենք օգնելու կարիքի մեջ գտնվողներին։ Մենք նաեւ աղոթում ենք մեր քաջարի զինվորների համար, որոնցից շատերը Սուրբ Ծննդյան տոնն անց են կացնելու իրենց տներից հեռու։ Նրանց արիությունն ու նվիրվածությունն օգնում է մեզ մնալու անվտանգ, եւ տարածելու ազատություն ու խաղաղություն՚՚։

XS
SM
MD
LG