Մատչելի հղումներ

ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏ ՆՅՈՒ ԵՈՐՔՈՒՄ - 2003-08-18


Զարգացման վաղ փուլերից ի վեր, երեխաներն արվեստն օգտագործում են շրջակա աշխարհի առնչությամբ ունեցած իրենց տպավորություններն արտահայտելու համար։ Նյու Յորք քաղաքի դպրոցական համակարգի ծրագրերից մեկը ստեղծվել է տարբեր տարիքի երեխաներին օգնելու, որպեսզի արվեստի միջոցով արտահայտեն շրջակա աշխարհի վերաբերյալ ունեցած իրենց ընկալումը։

Տասներեքամյա Չեյեն Մաքը բացատրում է, թե ինչպես է ստեղծել իր մատիտանկարը, որը ներկայացնում է գեղեցիկ աշխարհ ունենալու վերաբերյալ նրա երազանքը։ Չեյենը Նյու Յորք քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտ է։ Նրա մատիտանկարը ներկայացված է “Պատկերացրու դա” անունը կրող ցուցահանդեսում, ուր պատկերված են շրջակա աշխարհի առնչությամբ ունեցած իրենց տպավորություններն արվեստի միջոցով արտահայտելու հետեւանքով երեխաների կողմից ստեղծված արվեստի աշխատանքներ։ Ցուցահանդեսը կազմակերպվել է “Արվեստանոց՝ դպրոցում” անվամբ կրթական հարցերով զբաղվող ոչ-շահութաբեր կազմակերպության ջանքերով, որն աջակցում է արվեստի տարածմանը դասասենյակներում։ Թոմ Քահիլը կազմակերպության գործադիր տնօրենն է։ Նա այս մասին մասնավորապես ասել է հետեւյալը. ՚՚Սա մի ծրագիր է, ուր արվեստագետները եւ մասնագետներն աշխատում են երեխաների հետ որպես նրանց ուսուցիչներ։ Եվ նրանք երեխաներին քաջալերում են աշխատել ոչ միայն նկարչության եւ քանդակագործության բնագավառում օգտագործվող նյութերով, այլ գաղափարով, ինչպես նաեւ լրջորեն վերաբերելու իրենց աշխատանքին։ Ահա թե ինչու ցուցադրում ենք երեխաների աշխատանքները։ Երեխաներն այլ աչքերով են տեսնում իրենք իրենց եւ սովորում են, թե ինչ է նշանակում պատկերասրահում կամ թանգարանում լինել, երբ ցուցահանդեսում դիտում են իրենց աշխատանքները՚՚։

Ցուցահանդեսում ներկայացված են երեքից 12 տարեկան հասակի երեխաների կողմից ստեղծված մոտավորապես 300 նկարներ, քանդակներ, գծանկարներ եւ ջրանկարներ։ Պարոն Քահիլը հայտնել է, թե ցուցահանդեսում ներկայացված արվեստի աշխատանքները ներկայացնում են ծրագրին մասնակցող 30 հազար երեխաների գործերը։ “Արվեստանոց՝ դպրոցում” անվամբ, կրթական հարցերով զբաղվող կազմակերպությունն արդեն 25 տարի է, ինչ մշակում է արվեստին նվիրված ծրագրեր։ Հաջորդ տարվա ընթացքում կազմակերպությունը նախատեսում է կազմակերպել երեխաների աշխատանքների մոտավորապես տասը նոր ցուցահանդեսներ, այդ թվում “Պատկերացրու դա” անունը կրող ցուցահանդեսի շարունակությունը։

XS
SM
MD
LG