[AP, AFP, REUTERS] - Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցի գրոհայիններն առեւանգել են Ջենինի շրջանի կառավարչին։
Ականատեսները վկայում են, որ Հայդեր Իրշեյդն առեւանգվել է այսօր, օրը ցերեկով, Ալ Աքսայի մարտիրոսների բրիգադներ կազմակերպության անդամների կողմից։ Ըստ հաղորդագրությունների, կառավարիչը ենթարկվել է ծեծի, իսկ այնուհետեւ տարվել է քաղաքում գտնվող պաղեստինյան գաղթակայան։
ԱՍՈՇԻԵՅԹԻԴ ՓՐԵՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ջենինում գտնվող ռազմաշունչ այդ խմբի ղեկավար Զաքարիա Զուբեյդին կառավարչին մեղադրել է Իսրայելի հետ համագործակցելու եւ այլ պաղեստինցիների դեմ կատարված ՚բազմաթիվ հանցագործություններում՚, ըստ ենթադրությունների, ներգրավված լինելու մեջ։ Գրոհայիններն ասել են, թե պահանջում են, որ կառավարիչը դատվի պաղեստինյան իշխանության կողմից։
Ալ Աքսայի մարտիրոսների բրիգադներ կազմակերպությունը պաղեստինյան ղեկավար Յասիր Արաֆաթի գլխավորած ՖԱԹԱՀ շարժման զինյալ մասնաճյուղն է։
Անցյալ ամսին սույն խումբը միացավ պաղեստինյան գրոհային այլ գլխավոր կազմակերպությունների եւ համաձայնեց, որ պետք է հրադադար հաստատվի իսրայելացիների հետ։
Այսօրվա առեւանգումը կատարվում է այն հաղորդագրություններին զուգընթաց, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը մտմտում է հավելալ թվով պաղեստինցիների ազատ արձակել բանտերից, այդ թվում՝ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋԻՀԱԴ եւ ՀԱՄԱՍ կազմակերպությունների անդամների։ Իսրայելյան ՀԱԱՐԵՑ օրաթերթը երեկ տեղեկացրել է, որ պարոն Շարոնը որոշել է ազատ արձակել ավելի քան վաթսուն գրոհայինների, որոնք Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ չեն կատարել։
Պարոն Շարոնն ու պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասը ծրագրել են հանդիպել վաղը, քննարկելու համար խաղաղության ջանքերը։ Երկու ղեկավարները պատրաստվում են այս ամսվա վերջերին այստեղ՝ Վաշինգտոնում առանձնակի հանդիպումներ ունենալ նախագահ Բուշի հետ։