Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-07-13


[AFP, AP, REUTERS] - Իրաքի նոր վարչական ժամանակավոր խորհուրդը, որի կազմում կան երկրի կրոնական եւ ազգային զանազան խմբեր, այսօր իր առաջին հանդիպումն է կայացրել Բաղդադում։

Քսանհինգ անդամներից բաղկացած սույն վարչական մարմնի առաջին գործողությունը ապրիլի ինը ազգային տոն հռչակելն էր, որը նշանավորում է Սադամ Հուսեյնի պաշտոնանկությունը։ Խորհրդի անդամ Մոհամմեդ Բահր ալ-Ուլումը հայտարարելով այդ որոշման մասին, ասել է, որ խումբը նաեւ չեղյալ է համարել բոլոր այն տոները, որոնք առնչված են նախկին կառավարության հետ։

Շիա հոգեւորական Մոհամեդ Բահր ալ-Ուլումն ասել է, թե վարչական խորհուրդը խոստանում է ջանք գործադրել երկրի տնտեսությունը վերաշխուժացնելու, անվտանգությունը բարելավելու եւ հանրային ծառայությունները վերականգնելու համար։ Խորհուրդը նաեւ պատրաստվում է մինչեւ ընդհանուր ընտրությունների կայացումը ստեղծել նոր սահմանադրություն։

Իրաքում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սերխիո Վիերա դե Մելոն այսօրվա հանդիպումը բնութագրել է իրաքյան ժողովրդին գերիշխանությունը վերադարձվելու առաջին քայլ։

Ըստ հաղորդագրությունների, խորհուրդը բաղկացած է տասներեք շիա եւ հինգ սունի մահմեդական, ինչպես նաեւ մեկ քրիստոնյա, հինգ քուրդ եւ մեկ թուրքմեն ներկայացուցիչներից։ Սուննի փոքրամասնությունը տիրապետող էր Սադամի վարչակարգի իրաքյան կառավարության մեջ։

Բաղդադում գտնվող ամերիկացի կառավարիչ Փոլ Բրեմերն ասում է, թե վարչական խորհուրդը լիազորված է նշանակելու ժամանակավոր նախարարների եւ Իրաքում գտնվող Միացյալ Նահանգների գլխավորած դաշնադրության հետ կաշխատի քաղաքականության եւ բյուջեի խնդիրների վրա։ Պարոն Բրեմերն իրավասու է չեղյալ համարելու վարչական խորհրդի որոշումները։

Շաբաթ օրը ելույթ ունենալով իրաքյան հեռուստատեսությամբ, պարոն Բրեմերն ասել է, թե վարչական խորհրդի ստեղծումն իրաքցիներին տալիս է գլխավոր դեր երկրի ղեկավարման մեջ։ Նա ասել է, թե դա նշանավորում է մի գործընթացի սկիզբ, որը հանգեցնում է ժողովրդավարական արդար ընտրությունների կայացման։

ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ օրաթերթի այսօրվա համարում տպագրված հոդվածում պարոն Բրեմերն ասում է, որ Իրաքից դաշնադրային զինյալ ուժերի հեռացման ժամկետը կախում ունի նրանից, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի նոր սահմանադրության վավերացման համար։

XS
SM
MD
LG