Եւրախորհուրդը տեղեկացնում է, որ թեեւ դրական տեղաշարժեր են կատարվել, այդուհանդերձ, ցեղախտրությունը, օտարատյացությունը, հակասեմականությունը եւ անհանդուրժողականությունը դեռեւս նշանակալի խնդիրներ են Հայաստանում, Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում, Սլովենիայում եւ Իսպանիայում։ Ցեղախտրության եւ անհանդուրժողականության դեմ այսօր Եւրոպական Հանձնախմբի կողմից հրապարակված հինգ նոր զեկույցները մաս են կազմում կազմակերպության անդամ բոլոր երկրներում տեսչական ստուգումներով կատարված հետեւություններին։ Զեկույցում ասված է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների շրջանում այն զգացողությունն է առկա, որ իրենց կացությունը վատթարացել է մեծամասնության համեմատությամբ։ Եւրախորհուրդը նշում է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաեւ հայ փախստականների նկատմամբ դրսեւորված խտրականության դեպքեր։ Սլովենիայի վերաբերյալ զեկույցում ասված է, թե կանխակարծությունն ու անհանդուրժողականությունը շարունակվում են սույն երկրում։ Գնչուները կրում են տնտեսական եւ սոցիալական դժվարություններ, սակայն նախկին հարավսլավիայի այլ բնակիչներ խտրականության են ենթարկվում նույնպես։ Իսպանիայում, ասված է զեկույցում, ցեղախտրության եւ օտարատյացության խնդիրները շարունակում են գոյատեւել եւ հատկապես կենտրոնանում են գնչուների ու ոչ եւրամիության քաղաքացիների վրա։ Իսլանդիայում եւ Լյուքսեմբուրգում առկա խնդիրները հիմնականում առնչված են ազգային փոքրամասնություններին պաշտպանող օրենքներին, ինչպես նաեւ բնակարանային եւ աշխատանքային հարցերում նկատված խտրականությանը։