Մատչելի հղումներ

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ - 2003-07-07


[AP, REUTERS, AFP, INTERFAX] - Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում նշանակետային հարձակումներ գործել չեչեն անջատողամետ աստամբների դեմ, որոնց մեղադրում է շաբաթ օրը Մոսկվայում կատարված անձնասպան ռմբահարումն իրագործելու մեջ։ Ավելի քան տասը մարդ է սպանվել, երբ իրենց մարմինները պայթուցիկներով լիցքավորած երկու կանայք ռմբահարումներ իրագործեցին Մոսկվայում կայացող ռոք երաժշտության ամենամյա փառատոնի ժամանակ։ Պարոն Պուտինն այսօր դատապարտել է սույն հարձակումը, այն բնութագրելով ահաբեկչություն եւ ավելացրել է, որ Չեչնիայի անջատողամետներն իրենց դրսեւորել են որպես միջազգային ահաբեկչական ցանցի մի մաս։ ԻՆՏԵՐՖԱՔՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ պարոն Պուտինը Ռուսաստանի զինյալ ուժերին կոչ է արել ՚ոչնչացնել՚ Չեչնիայի անջատողամետներին, սակայն հորդորել է զգուշություն դրսեւորել, որպեսզի այդ հարձակումները կատարվեն ՚որոշակի նշանակետերի դեմ՚, կանխելու համար քաղաքացիական բնակչության կորուստները։ Պարոն Պուտինը սույն արտահայտություններն արել է Մոսկվայում, այդ հարձակումների պատճառով Ուզբեկստան եւ Մալայզիա կատարելիք այցելությունները չեղյալ համարելուց հետո։ Չեչեն ապստամբների ղեկավարները հերքել են շաբաթ օրվա ռմբահարումներում իրենց ունեցած որեւէ ներգրավվածություն, որը տեղի է ունեցել մեկ օր անց այն իրողությունից, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ Չեչնիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբեր ամսին։ Նախագահ Պուտինն իր ցավակցությունն է հայտնել ռմբահարման զոհերի ընտանիքներին եւ պատասխանատուներին դատապարտել է, բնութագրելով որպես ՚իրենց ժողովրդի դավաճաններ՚ եւ ՚մարդասպաններ՚։ Նա ասել է, թե այդ հարձակումները նպատակ ունեին ռուսական հասարակության մեջ տարածելու երկյուղ, կասկած, եւ ազգամիջյան անհանդուրժողականություն։

XS
SM
MD
LG