Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-07-06


[AP, AFP, REUTERS] - Այսօր Բաղդադի համալսարանում հրազենային կրակից վերավորված ամերիկացի զինվորի կացությունը ծանր է։ Ականատեսները պատմում են, որ ամերիկացի զինվորը սրճարանում էր, երբ միայնակ մի զինյալ հրազենային կրակ բացելով, զինվորին վիրավորել է գլխից։ Հարձակվող ճողոպրել է, իսկ զինվորը փոխադրվել է հիվանդանոց։ Ամերիկյան զինյալ ուժերը շրջապատել են համալսարանական համալիրը, փնտրելու համար զինյալին, որն, ըստ ականատեսների, կրակ է բացել ատրճանակից։ Իրաքում խոշոր մարտերն ավարտվելու վերաբերյալ նախագահ Բուշի կողմից մայիսի մեկին արված հայտարարությունից ի վեր այդ երկրում սպանվել է քսանվեց ամերիկացի զինվոր։ Ամերիկյան պաշտոնատարներն այս հաճախակի հարձակումների համար դատապարտում են պաշտոնանկ Սադամ Հուսեյնի վարչակարգի հավատարիմներին։ Երեկ բրիտանացի մի լրագրող է սպանվել Բաղդադում, Միացյալ Նահանգների կողմից հովանավրված իրաքցի յոթ նորակոչիկ ոստիկանների հեռակառավարվող ռումբով սպանվելուց մի քանի ժամ անց։ Լրագրողի գործակիցներից մեկը տեղեկացնում է, որ անկախ լրագրող Ռիչարդ Ուայլդին սպանողն, ըստ երեւույթին, Իրաքի ազգային թանգարանի շրջափակում քայլելով մոտեցել է նրան եւ մոտ տարածությունից գլխին ուղղված մեկ կրակոցով նրան սպանել եւ անհետացել է բազմության մեջ։ Քսանչորսամյա լրագրողը հոդվածներ էր գրում իրաքյան սույն թանգարանի մասին։ Ավարտական արարողությունից հետո ոստիկանության յոթ նորակոչիկներ սպանվեցին Բաղդադից հարյուր կիլոմետր արեւմուտքում գտնվող Ռամադի քաղաքում։ Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, որ այդ պայթյունի հետեւանքով վիրավորվել են նաեւ տասներեք այլ նորակոչիկներ։ Իրաքցիներն ավելացնում են, որ վիրավորվել են նաեւ մի քանի տասնյակ ուրիշներ։ Մեկ այլ զարգացմամբ, Միացյալ Նահանգների զինվորական պաշտոնատարները լրումին են հասցրել մեկ շաբաթ տեւած ՕՊԵՐԿՈՏ անվամբ ռազմական գործողությունը, որը նպատակ ուներ արմատախիլ անել Սադամ Հուսեյնի հավատարիմներին եւ դաշնադրային զինյալ ուժերի դեմ կատարված այլ հարձակումներում ներգրավվածներին։ Կենտրոնական հրամանատարության մի հայտարարության մեջ ասված է, թե այդ գործողությունն ավարտվել է երեկ, որի արդյունքում կալանվել են երկու հարյուր ութսուներկու անձինք եւ առգրավվել են մեծ քանակությամբ զենքեր։

XS
SM
MD
LG