Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-06-28


[AP, REUTERS, AFP] - Չորեքշաբթի օրվանից անհետ կորած ամերիկացի երկու զինվորները սպանված հայտնաբերվել են հյուսիսային Բաղդադում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը տեղեկացնում է, որ դաշնադրային զինյալ ուժերը զինվորների դիակները հայտնաբերել են այսօր, Բաղդադից դեպի հյուսիս, երեսուներկու կիլոմետր հեռավորության վրա։ Ամերիկացի զինվորները երկու ընկերներին փնտրում էին Բալադ քաղաքում իրենց ավտոմեքենաներով, զենքերով եւ այլ սարքերով անհետանալուց ի վեր։ Ամերիկացի մեկ այլ զինվոր է սպանվել երեկ, Բաղդադի Թհավրա թաղամասում մի ավտոշարասյան վրա նռնակով կատարված հարձակման ժամանակ։ Ամերիկյան զինվորականությունը տեղեկացնում է, որ չորս այլ զինվորներ, իրենց իրաքցի թարգմանչի հետ մեկտեղ վիրավորվել են մի հարձակման ժամանակ։ Իրաքում գտնվող Միացյալ Նահանգների գլխավորած զինյալ ուժերը գրեթե ամեն օր հարձակումներ են դիմագրավում եւ զոհեր են տալիս, ամերիկացի պաշտոնատարների բնութագրմամբ՝ պաշտոնանկ Սադամ Հուսեյնի վարչակարգի մնացուկների հարձակումների հետեւանքով։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելն ասում է, թե ամերիկյան զինյալ ուժերը միշտ էլ ակնկալել են, որ գործ կունենան, իր բնութագրմամբ՝ սադամամետ գրոհայինների ՚մնացուկների խնդրի՚ հետ։ Այսօր համերկրային հանրային ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում պարոն Փաուելն ասաց, որ գալիք ամիսներին Միացյալ Նահանգները նշանակալի թվով զինվորներ կպահի Իրաքում, մինչեւ որ այդ երկիրը դառնա ապահով։ Առնվազն քսանմեկ զինվորներ են սպանվել թշնամական գործողությունների հետեւանքով, այն իրողությունից ի վեր, ինչ նախագահ Բուշը մայիսի մեկին հայտարարեց, որ Իրաքում մարտական խոշոր գործողություներն ավարտված են։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ մասնավոր հինգ փորձագետներից բաղկացած մի խումբ շուտով կմեկնի Իրաք, սույն երկրում կայունություն հաստատելու միջոցների վերաբերյալ ամերիկացի կառավարիչներին խորհուրդներ տալու համար։ Սույն խումբը գլխավորում է Ջոն Համրեն, որը նախկին նախագահ Բիլ Քլինթոնի օրոք պաշտպանության փոխնախարար էր։

XS
SM
MD
LG