Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ - 2003-06-26


Պաղեստինյան ղեկավար Յասիր Արաֆաթն ասում է, թե ինքն ակնկալում է, որ այսօր գրոհային խմբերը պաշտոնապես կհայտարարեն իսրայելացիների դեմ հարձակումներն առկախելու մասին, սակայն գրոհայինները հերքել են հրադադարի մոտալուտ լինելը։ Ռամալլահ քաղաքում ելույթ ունենալով լրագրողների առաջ, պարոն Արաֆաթն ասել է, որ գործարքը դեռեւս լրումին չի հասցված, սակայն ավելացրել է, որ պատասխանը կստացվի ՚մի քանի ժամից՚։ ՀԱՄԱՍ եւ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋԻՀԱԴ անուններով հայտնի երկու գլխավոր գրոհային խմբերի ղեկավարներն ասում են, թե իրենք դեռեւս ներքին քննարկումներ են անում եւ ամենայն հավանականությամբ պատասխանը կներկայացնեն ՚մի քանի ժամից՚։ Պաղեստինյան գրոհային խմբերը նաեւ ՚սադրիչ՚ են բնութագրել նախագահ Բուշի երեկ արած այն ակնարկը, թե ՀԱՄԱՍ-ի նման խմբերը պետք է ամբողջովին լուծարվեն, որպեսզի սույն տարածաշրջանում հաստատվի խաղաղություն։ Շարունակվող խռովությունը նաեւ վտանգում է խաղաղության դյուրաբեկ գործընթացը։ Այսօր ավելի վաղ, մի իսրայելացի է սպանվել Հորդանան գետի արեւմտյան ափն Իսրայելից անջատող, այսպես կոչված կանաչ գծի երկայնքում տեղի ունեցած հրազենային մի հարձակման հետեւանքով։ Պաշտոնատարներն ասում են, թե պաղեստինցի մի զինյալ քայլելով մոտեցել է մի բեռնատարի եւ կրակ է բացել, սպանելով այնտեղ գտնվողներից մեկին։ Իսրայելի անվտանգության ուժերն ավելի ուշ ձերբակալել են զինյալին։ Երեկ իսրայելացի զինվորները Գազայի գոտում սպանել են ՀԱՄԱՍ-ի երկու գրոհայինների, մի քանի ժամ առաջ այն իրողությունից, երբ երկու պաղեստինցիներ մահացան Գազայի գոտում իսրայելյան մի ուղղաթիռի կատարած հարձակման հետեւանքով։ Իսրայելը տեղեկացնում է, թե այդ հարձակումն ուղղված էր ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ, որոնք պատրաստվում էին ականանետային կրակ բացել հրեական բնակատեղիի վրա։ Այդ հարձակման հետեւանքով վիրավորվել են տասնչորս անցորդներ։

XS
SM
MD
LG