Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-06-20


[REUTERS, AFP] - Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելն ասում է, թե ՀԱՄԱՍ-ին ու պաղեստինյան այլ գրոհային խմբերի չպետք է թույլատրվի, որպեսզի նրանց ջանքերով կասեցվի Իսրայելի հետ խաղաղության գործընթացը։ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի հետ այսօր Երուսաղեմում տված մի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ պարոն Փաուելն ասել է, թե ՀԱՄԱՍ-ն իրեն դրսեւորել է որպես ՚խաղաղության թշնամի՚, երկու շաբաթ առաջ Հորդանանում կայացած խաղաղության վեհաժողովից ի վեր ձեռնարկած ահաբեկչական գործողություններով։ Պարոն Շարոնն ասել է, թե պաղեստինյան իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն բռնարարքները դադարեցնելու խնդրի նկատմամբ։ Իսկ մինչ այդ, ասել է նա, Իսրայելը կշարունակի իսրայելացիների դեմ գրոհայինների հարձակումները կասեցնելու գործողություններ։ Նույնիսկ այն պարագային, երբ հանդիպում էր կայանում պարոնայք Փաուելի եւ Շարոնի միջեւ, իսրայելացիները տեղեկացնում են, որ զինյալները կրակ են բացել Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքի մոտակայքում հրեա վերաբնակների փոխադրող ավտոմեքենայի վրա, սպանելով նրանցից մեկին եւ վիրավորելով երեք ուրիշների։ Որպես միջազգայնորեն սատարված ՚ուղեցույց՚ անվամբ խաղաղության ծրագիրն առաջ մղելու ամերիկյան վերջին քայլ, արտգործնախարար Փաուելն այսօր ավելի ուշ հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Երիքով քաղաք այցելելիս նաեւ հանդիպելու է պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասի հետ։ Երեկ Մերձավոր Արեւելք կատարված ուղեւորության ընթացքում արտաքին գործոց նախարար Փաուլը նվազ ներկայացրեց այսօրվա բանակցություններում որեւէ բեկում կատարվելու հավանականությունները, սակայն ավելացրեց, որ ամենայն կարելին կանի երկու կողմերին համոզելու համար, որպեսզի արագ կարգով լուծեն իրենց միջեւ առկա տարաձայնությունները։

XS
SM
MD
LG