Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ - 2003-06-17


Ակնկալվում է, որ պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասն այսօր Գազայի գոտում կհանդիպի պաղեստինյան գրոհային խմբերի հետ, փորձելով նրանց համոզել, որ դադարեցնեն իսրայելացիների դեմ կատարվող իրենց հարձակումները։ Նախատեսված բանակցություններից առաջ պարոն Աբասը հանդիպել է Մերձավոր Արեւելքի հարցերով նախագահ Բուշի հատուկ պատվիրակ Ջոն Վուլֆին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ պաղեստինյան անվտանգության հարցերով ղեկավար Մոհամեդ Դահլանը։

Երեկ պաղեստինյան գրոհային խմբերը Գազայի գոտում եգիպտացի միջնորդների հետ երկու օր տեւած բանակցություններն ավարտեցին առանց հրադադարի շուրջ համաձայնության հանգելու։ Հանդիպումից հետո ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկն ասել է, թե հրադադարի կայացումն անկարելի է այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական հարձակումներն իր ղեկավարների դեմ։ Իսրայելը տեղեկացրել է, որ իր զինյալ ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի նշանակետերին, մինչեւ որ վերջիններս դադարեցնեն իրենց հարձակումներն Իսրայելի դեմ։

Վարչապետ Արիել Շարոնը երեկ Իսրայելի խորհրդարանին տեղեկացրել է, որ ինքը բացառում է խաղաղության գործարքի կայացումը, մինչեւ որ պաղեստինյան իշխանությունը չճնշի գրոհային խմբերին։

Դարձյալ երեկ, պարոն Շարոնը հանդիպել է այցելությամբ Իսրայելում գտնվող ամերիկացի հատուկ պատվիրակ Ջոն Վուլֆի հետ, որը հսկում է միջազգայնորեն նախագծված ՚ուղեցույց՚ կոչվող խաղաղության ծրագրի կենսագործումը։ Ամերիկացի պաշտոնատարներից մեկն ասում է, թե արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելը թերեւս ուրբաթ օրը մեկնի Իսրայել, մինչ Վաշինգտոնը շարունակում է ՚ուղեցույց՚ կոչվող ծրագրի առաջ մղման ջանքերը, ուր կոչ է արվում՝ մինչեւ երկու հազար հինգ թվականը ստեղծել պաղեստինյան անկախ պետություն։

Այստեղ՝ Վաշինգտոնում պարոն Փաուելը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիսա Ռայսը երեկ Սպիտակ տանը բանակցություններ վարեցին պարոն Շարոնի անձնակազմի պետի հետ։ Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, թե Դով Վեյզգլասի հետ հանդիպումը մաս է կազմում ՚ուղեցույցի՚ վերաբերյալ խորհրդակցություններին։

XS
SM
MD
LG