Մատչելի հղումներ

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՒԵԼՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ - 2003-06-08


Պաղեստինյան երեք ռազմաշունչ խմբեր համատեղ կարգով տեղեկացնում են, թե իրենք են իրագործել Գազայի գոտու եւ Իսրայելի միջեւ առկա գլխավոր անցակետում այսօր կատարված հարձակումը, որի հետեւանքով սպանվել են իսրայելացի չորս զինվորներ, իսկ վիրավորվել են չորս ուրիշներ։ Անսովոր ու համատեղ այդ հայտարարության մեջ ՀԱՄԱՍ, ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋԻՀԱԴ եւ ԱԼ-ԱՔՍԱՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ ԲՐԻԳԱԴՆԵՐ կազմակերպությունները տեղեկացրել են, որ հարձակումն իրագործել են երեք զինյալներ, յուրաքանչյուր խմբից մեկական հոգի։ Իսրայելյան պաշտոնատարները տեղեկացրել են, որ այդ երեք հարձակվողները կրում էին իսրայելյան զինվորական համազգեստներ։ Նրանք կրակ են բացել Էրեզի անցակետում գտնվող իսրայելյան բանակի ուղեկալի վրա, որն օգտագործվում է Իսրայելում աշխատող հազարավոր պաղեստինցիների ամենօրյա աշխատանքի մեկնելու համար։ Երեք զինյալներն էլ սպանվել են։ Ըստ երեւույթին, սույն հարձակումն ուղղակի մարտահրավեր է, ուղղված պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասի իշխանության դեմ, որը փորձում է գրոհային խմբերին համոզել, որպեսզի դադարեցնեն Իսրայելի դեմ կատարվող իրենց հարձակումները, ինչպես կոչ է արված Միացյալ Նահանգների կողմից հովանավորված խաղաղության ՚ուղեցույցում՚։ Այս երեք խմբերն էլ պաղեստինյան այն հինգ հատվածախմբերի թվում են, որոնց մաս է կազմում Պաղեստինի ազատագրման ազգային ճակատը եւ Պաղեստինի ազատագրման ժողովրդավարական ճակատը, որոնց ղեկավարները երեկ ուշ երեկոյան հանդիպել են Գազա քաղաքում եւ խոստացել են շարունակել հարձակումներն Իսրայելի դեմ։ Սույն խմբերը դատապարտել են պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասին, ասելով, որ նա նախագահ Բուշի եւ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի հետ անցյալ շաբաթ կայացած վեհաժողովի ժամանակ թերացել է բավարար չափով խիստ ճնշում գործադրել Իսրայելից զիջումներ ստանալու համար։ Այսօր Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիսա Ռայսն ասաց, որ Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացը չի կարող շեղվել հարձակման պատճառով եւ ավելացրեց, որ եկրու կողմերը պետք է հանձնառու մնան խաղաղության համաձայնության հարցում։ Ուրբաթ օրը ՀԱՄԱՍ-ը խզեց Աբասի կառավարության հետ կայացած հրադադարի բանակցությունները։ Այսօրվա հարձակումը կատարվեց մի քանի ժամ անց այն իրողությունից, երբ երեկ ուշ երեկոյան իսրայելյան բանակը փակեց Հորդանան գետի արեւմտյան ափի տարածքը։ Իսրայելյան հետախուզությունը տեղեկացրել էր, որ պաղեստինյան որոշ խմբեր ծրագրում են ահաբեկչական հարձակումների մի նոր ալիք սկսել այդ տարածքից։ Գազայի գոտին փակման չի ենթարկվել, սակայն հաղորդագրություններ կան, որ ահաբեկչական հարձակումից հետո, թերեւս ժամանակավորապես, փակվել է այն։ [AFP]

XS
SM
MD
LG