Նախագահ Բուշը ժամանել է Ռուսաստան, միանալով մի քանի տասնյակ այլ ղեկավարների, որոնք մասնակցում են Սանկտ Պետերբուրգի հիմնադրման երեք հարյուրերորդ տարեդարձի տոնակատարություններին։ Սա կլինի նախագահ Բուշի առաջին հանդիպումն այն ղեկավարների հետ, ովքեր ընդդիմացել են Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իրաքում ձեռնարկված ռազմական գործողություններին։ Սանկտ Պետերբուրգի հանդիսությունների մեծ մասը հասարակական բնույթի են, սակայն պարոն Բուշը վաղն առավոտյան բանակցություններ է վարելու Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահ Բուշը Ռուսաստան է ժամանել մի պատգամով, այն մասին, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Եւրոպայի հետ աշխատել, աշխարհն ահաբեկչությունից ապահով վայր դարձնելու համար։ Այսօր ավելի վաղ Լեհաստանի Կրակով քաղաքում ունեցած մի ելույթում պարոն Բուշն ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ՆԱՏՕ-ի հզոր դաշինք եւ միացյալ Եւրոպայի նկատմամբ նրա հանձնառությունը։ Նա ասել է, թե ՚հզոր դաշինքում տարաձայնություն ստեղծելու՚ ժամանակը չէ, այլ պետք է միավորվել ՚մի նոր թշնամու՚ դեմ, որին բնութագրել է որպես ՚ահաբեկչական խմբերի եւ զանգվածային բնաջնջման զենքերի հետամուտ անօրինական պետությունների մի մահացու համադրություն՚։ Նա ասել է, թե աշխարհի խաղաղության ամենամեծ սպառնալիքը միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի տարածումն է եւ Միացյալ Նահանգների եւրոպական գործակիցներին կոչ է արել ՚սկսել ազատ երկրների պարտականությունների կատարումը՚։ Վաղը պարոն Բուշը մասնակցելու է Ֆրանսիայի Էվիան քաղաքում կայանալիք աշխարհի արդյունաբերապես զարգացած յոթ խոշորագույն երկրների եւ Ռուսաստանի վեհաժողովին, իսկ այնուհետեւ երկուշաբթի ուշ երեկոյան մեկնելու է Մերձավոր Արեւելք, առաջ մղելու համար սույն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ միջազգայնորեն սատարված իր ՚ուղեցույցի՚ կենսագործումը։ [REUTERS, AFP]