Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-05-29


Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեըրը դարձավ Իրաքում խոշոր մարտերն ավարտվելուց ի վեր այդ երկիր այցելող արեւմուտքցի առաջին ղեկավարը։ Այսօր Քուվեյթից օդանավով Բասրա ժամանելուց հետո պարոն Բլեըրը հանդիպել է Իրաքում ամերիկացի քաղաքացիական վարիչ Փոլ Բրեմերի հետ, քննարկելու համար վերակառուցման ջանրքերը։ Վարչապետ Բլեըրն այնուհետեւ հանդիպել է բրիտանացի զինվորների հետ, նրանց դրվատելով Սադամ Հուսեյնի վարչակարգից իրաքյան ժողովրդի ազատագրման գործում ունեցած դերի համար։ Ոչ պաշտոնական հանդերձով պարոն Բլեըրը հանդիպելով զինվորներին, ասել է, թե Իրաքում կատարած նրանց գործողությունները դրական ներգործություն են ունեցել սույն տարածաշրջանի այլ զարգացումների, այդ թվում Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացի վրա։ Միաժամանակ, Միացյալ Նահանգների զինվորականներն ասում են, որ այսօր Իրաքում ամերիկացի մի զինվոր է սպանվել թշնական կրակի հետեւանքով։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը քիչ մանրամասնություններ է հաղորդել, սակայն նշել է, որ զինվորը հրազենային կրակով սպանվել է եւ անցնելիս է եղել մատակարարման գլխավոր ճանապարհով։ Այս զոհը հինգերորդ ամերիկացի զինվորն է, որ սպանվում է դաշնադրային զինյալ ուժերի դեմ այս շաբաթ կատարված հարձակումների տարափից։ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ օրաթերթի այսօրվա համարում տեղեկացվում է, որ դաշնադրային ուժերի հրամանատարները ծրագրում են ավելի մեծ թվով զինյալ ուժեր պահել Իրաքում, քան նախապես կարծվում էր։ Թերթը վկայակոչում է ամերիկացի ավագ պաշտոնատարների, որոնք ասում են, որ հրամանատարները նաեւ ծրագրում են մարտերում կոփված զորամիավորներ առաքել Բաղդադից դուրս գտնվող թեժ կետեր։ [MONITOR-CNN]

XS
SM
MD
LG