Վաշինգտոն Պոստ օրաթերթը մայիսի քսանվեցի համարի գիտական հոդվածների բաժնում անդրադարձել է ավտոտրանսպորտյին աղետների հետեւանքով աշխարհի երկրներում մահացությունների խնդրին եւ գրում է, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, երկու հազար թվականին աշխարհի տարբեր երկրներում 55 միլիոն անձանց մահերի մեկ միլիոն երեքհարյուր հազարն ավտոմեքենաների վթարների հետեւանք է։ Մահերի իննսուն տոկոսը տեղի են ունեցել զարգացող երկրներում, եւ Հնդկաստանն ու Չինաստանը համարվում են վիթխարի թվով վաղաժամ մահերի երկրներ։ Ընդհանուր առմամբ, մահերի ընդհանուր թվի մոտավորապես տասը տոկոսն ամեն տարի բաժին է հասնում ստացած վերքերից մահերին։ Ամեն կարգի ավտոմեքենաների աղետների թիվը կազմում է այդ թվի ամենախոշոր հատվածը, մոտավորապես 25 տոկոսը։ Դրան հաջորդում են սպանությունների հետեւանքով մահացությունները, որը կազմում է տասը տոկոս, գետերում, լճերում, ծովերում խեղդվելու հետեւանքով մահացությունները, որը կազմում է ինը տոկոս, պատերազմը՝ վեց տոկոս, բարձրություններից ընկնելու հետեւանքով մահացությունները՝ վեց տոկոս, թունավորման հետեւանքով մահացությունները՝ վեց տոկոս, հրդեհների հետեւանքով մահացությունները՝ հինգ տոկոս եւ այլ պատճառներից մահացությունները՝ 17 տոկոս։ Ավտոճանապարհներին զոհվում են երեք անգամ ավելի մեծ թվով տղամարդիկ, քան կանայք, եւ զոհվում են հիմնականում երիտասարդները։ Աշխարհի տարբեր երկրներում ավտոճանապարհային աղետների հետեվանքով մահացությունների գրեթե հիսուն տոկոսը բաժին է հասնում տասնհինգից քառասունչորս տարեկան անձանց։ Աշխարհի խոշոր երկրների թվում Չինաստանն ու Հնդկաստանն ունեն ավտոճանապարհային աղետների հետեւանքով ամենաբարձր մահացությունը։ Նման աղետների հետեւանքով Հնդկաստանում ամեն 100 հազար մարդուց զոհվում է քսանինն անձ, իսկ Չինաստանում տասնիննը մարդ։ Ավտրանսպորտային աղետների հետեւանքով մահերը մեծ թիվ են կազմում նաեւ Պարսից ծոցի մի քանի փոքրիկ երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավտոտրանսպորտային աղետները համարում է միջադեպեր , քանի որ չի ցանկանում համարել, որ մահերն անխուսափելի են։ Ավտոմեքենաների վարելն ու ավտոճանապարհների անվտանգությունը բարելավելը խիստ առաջնահերթություն է միջազգային հանրության առողջապահական կազմակերպության համար, գրում է Վաշինգտոն Պոստը։