Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐ - 2003-05-25


Իսրայելի վարչակազմը վավերացրել է Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու ուղեցույց կոչվող ծրագիրը, վարչապետ Արիել Շարոնի գլխավորած ԼԻՔՈՒԴ կուսակցության եւ աջակողմյան դաշնադրության որոշ անդամների առարկումներին հակառակ։ Վարչակազմն այսօր ծրագիրը վավերացրեց տասներկու թեր եւ յոթ դեմ ձայների հարաբերությամբ, որով, մեկնաբանների կարծիքով Իսրայելի կառավարության կողմից առաջին անգամ ճանաչվում է անկախ պետություն ունենալու պաղեստինցիների իրավունքը։ Ծրագրում կոչ է արվում՝ Իսրայելի հարեւանությամբ պաղեստինյան պետություն ստեղծել մինչ երկու հազար հինգ թվականը։ Մեծ տպաքանակ ունեցող ՅԵԴԻՈԹ ԱՀԱՐՈՆՈԹ իսրայելյան թերթի վկայակոչմամբ, վարչապետ Շարոնն ասել է, թե ՚ժամանակը հասունացել է, որպեսզի այս հողակտորը բաժանվի իսրայելացիների եւ պաղեստինցիների միջեւ՚։ Պաղեստինյան արտաքին գործոց նախարար Նաբիլ Շաաթն ասել է, թե Իսրայելի վարչակազմի կողմից սույն ծրագրի վավերացմանը կհետեւի վաղը պարոն Շարոնի եւ պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասի միջեւ կայանալիք հանդիպումը։ Տարաձայնություն է առկա այն մասին, թե արդյո՞ք խաղաղության ծրագրի որոշ մասեր պետք է ենթարկվեն փոփոխության։ Վարչապետ Շարոնը երեկ ընդունեց խաղաղության ծրագիրը, այն իրողությունից հետո, երբ ամերիկացի պաշտոնատարները հավաստիացրեցին, որ կլուծեն ուղեցույցի տասնհինգ կետերի վերաբերյալ առկա իսրայելյան մտահոգությունները։ Պաղեստինյան պաշտոնատարներն ասել են, թե Իսրայելի վարչակազմի կողմից խաղաղության ծրագրի ընդունումը ողջունելի է եւ Իսրայելին կոչ են արել՝ առանց նախապայմանի ու փոփոխությունների կենսագործել ծրագրում առկա պարտավորությունները։ Ուղեցույցում կոչ է արվում՝ վերջ դնել պաղեստինցիների կողմից Իսրայելի դեմ կատարվող հարձակումներին։ Այն նաեւ կոչ է անում՝ վերջ դնել պաղեստինյան տարածքներում հրեական բնակատեղիների հաստատմանը, որն իսրայելյան որոշ խմբերի կողմից համարվում է անընդունելի։ Նախագահ Բուշն ասաց, թե ի նկատի է ունենում պարոն Շարոնի եւ պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասի հետ մեկտեղ կայացնել բարձր մակարդակի մի հանդիպում, եթե այդ հանդիպումը է՛լ ավելի առաջ կմղի խաղաղության ջանքերը։ [AP, AFP, REUTERS]

XS
SM
MD
LG