Մատչելի հղումներ

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ-ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ - 2003-05-21


ԱԼ-ՋԱԶԻՐԱ հեռուստակայանը պատկերասփռել է մի տեսագրաժապավեն, ուր Օսամա բին Լադենի բարձրաստիճան օգնականներից մեկը՝ Այման ալ-Զավահիրին մահմեդականներին հորդորում է նոր հարձակումներ ձեռնարկել արեւմուտքցիների դեմ։ Քաթարում հաստատված արբանյակային սույն հեռուստակայանը տեղեկացնում է, որ տեսագրաժապավենի վրա ելույթ ունեցողը ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի ավագ անդամներից է։ Ելույթ ունեցողը մահմեդականներին հորդորում է հարձակումներ գործել չորս երկրների՝ Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նորվեգիայի շահերի դեմ։ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան, ինչպես նաեւ Գերմանիան եւ Իտալիան ահաբեկչական մոտալուտ հարձակումների նախազգուշացումներից հետո ժամանակավորապես փակել են Սաուդյան Արաբիայում գտնվող իրենց դեսպանատները։ Թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Լոնդոնը տեղեկացնում են, թե իրենք ՚վստահելի տեղեկություն՚ ունեն, որ հարձակումները նախատեսված են Սաուդյան Արաբիայում։ Սաուդյան Արաբիայից ստացված հաղորդագրությունները տեղեկացնում են, որ ոստիկանությունը վերահսկիչ կետեր է հաստատել մայրաքաղաք Ռիադի եւ այլ քաղաքների շրջակայքում։ Սույն միջոցառումները կատարվում են մայրաքաղաք Ռիադում ինն օր առաջ կատարված անձնասպան ռմբահարումներից հետո, որոնց հետեւանքով սպանվեց երեսունչորս մարդ, այդ թվում՝ ութ ամերիկացիներ։ Սաուդյան իշխանությունները սույն հարձակումների համար դատապարտում են ալ-Քաիդային։ Ռիադի պաշտոնատարները երեքշաբթի օրը հայտարարեցին, որ ձերբակալել են Ջիդդահում գտնվող ահաբեկչական ցանցի երեք կասկածյալ անդամների, սակայն հավելյալ մանրամասնություններ չեն տեղեկացրել։ Ավելի վաղ այս շաբաթ, Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպան իշխան Բանդար բին Սուլթանն ասաց, թե ինքը ՚մի ներքին զգացողություն ունի՚ որ շուտով ահաբեկչական խոշոր հարձակում է կատարվելու կա՛մ իր երկրի, կա՛մ էլ Միացյալ Նահանգների դեմ։ [CNN,AFP, REUTERS, AP]

XS
SM
MD
LG