Մատչելի հղումներ

ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ - 2003-05-16


Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ նախազգուշացնում են Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Աֆրիկայում եւ Ասիայում ահաբեկչական նոր հարձակումների սպառնալիքի մասին։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարությունը տեղեկություններ է ստացել Սաուդյան Արաբիայի Ջեդահ քաղաքում մոտ ապագայում ակնկալվող ահաբեկչական հավանական հարձակումների վերաբերյալ։ Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, որ դեռեւս պետք է հաստատվի Ջեդահ քաղաքի ալ-Համրա շրջանում գտնվող արտասահմանցիների բնակարանային համալիրի դեմ սպառնալիքի վստահելիությունը։ Երեկ թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ Բրիտանիան ահաբեկչական նախազգուշացում հրապարակեցին Քենիայի համար, նշելով, թե հետախուզությունը հանգել է այն եզրակացության, որ ահաբեկչական հարձակումը կարող է լինել մոտալուտ։ Բրիտանիան առկախել է դեպի Քենիա եւ այնտեղից կատարվող ուղեւորությունները։ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան նույնպես նախազգուշացումներ են հրապարակել հարավ-արեւելյան Ասիայի մի շարք երկրների համար, նշելով, որ սույն տարածաշրջանում ահաբեկչական տարրերը թերեւս ծրագրում են հարձակումներ։ Միաժամանակ, Միացյալ Նահանգների Հետաքննության ֆեդերալ բյուրոյի վաթսուն գործակալներ միացել են երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում կատարված անձնասպան ռմբահարումների հետաքննությանը։ Այդ ռմբահարումներին զոհ է գնացել երեսունչորս մարդ, մեծամասամբ արտասահմանցիներ։ Միացյալ Նահանգները տեղեկացնում է, թե այն համոզման է, որ Օսամա բին Լադենի գլխավորած ալ-Քաիդա ահաբեկչական ցանցն է իրագործել սույն հարձակումները։

XS
SM
MD
LG