Մատչելի հղումներ

ԻՐԱՔ-ԱՅԱԹՈԼԼԱՀ ՀԱՔԻՄ - 2003-05-10


Իրաքի խոշորագույն շիա մահմեդականների խմբի ղեկավարը քսաներեք տարի հարեւան Իրանում տարագրվելուց հետո վերադարձել է հայրենիք։ Ցնծության բացականչություններով հազարավոր աջակիցներ այսօր ողջունել են Այաթոլլահ Մոհամմեդ Բաղիր ալ-Հաքիմին, երբ նրան ուղեկցող ավտոշարասյունն անցել է սահմանը եւ մուտք գործելով Իրաքի հարավային անապատ, ուղղվել է դեպի շիաների պատվար Բասրա։ Ակնկալվում է, որ ավելի ուշ նա կուղեւորվի շիաների սուրբ քաղաք Նաջաֆ։ Վաթսունից անց տարիքում գտնվող ազդեցիկ կղերականը 1980 թվականից ի վեր գլխավորել է Իրաքի իսլամական հեղափոխության գերագույն խորհուրդը ;եւ ճիշտ նույն տարում մեկնել տարագրության, երբ խստորեն քննադատել է Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնին։ Այժմ արդեն շիա մահմեդականների կողմից կառավարվող Իրանն այն ժամանակ գտնվում էր իսլամական հեղափոխության հոգեվարքի մեջ, երբ Այաթոլլահ Հաքիմը ժամանեց այնտեղ։ Իրանի հետ Այաթոլլահ Հաքիմի սերտ կապերը եւ Մահմեդական կղերականների հոգեւոր խորհրդի զինյալ ԲԱԴՐ ԲՐԻԳԱԴՆԵՐԸ մտահոգություն են եղել Վաշինգտոնի համար։ Մահմեդական կղերականների գերագույն խորհուրդը ցանկանում է, որ իսլամական օրենքը դառնա ապագա Իրաքի բարձրագույն իշխանությունը։ Ժողովրդավարական ընտրություններ են ծրագրվել Իրաքում, սակայն Միացյալ Նահանգները չի ցանկանում այնպիսի գործընթաց տեսնել, որի հետեւանքը լինի իրանյան ոճի կղերապետություն։ Իրաքի բնակչության մոտավորապես վաթսուն տոկոսը շիա մահմեդականներ են, սակայն երկար տարիներ երկիրը ղեկավարել են Սադամ Հուսեյնը եւ նրա ԲԱԱՍ կուսակցությունը, ուր տիրապետող են եղել սուննի մահմեդականները։ Այաթոլլահ Հաքիմի Մահմեդական կղերականների հոգեւոր խորհուրդն ընդդիմանում է Իրաքում Միացյալ Նահանգների ներկայիս դերին։ Սակայն շիա ղեկավարությունը մաս է կազմում Իրաքի բազմազան, հաճախ բաժանված կրոնական, ազգային եւ քաղաքական խմբերին երկրի ապագայում տեղ տալու Միացյալ Նահանգների գործադրած ջանքերին։ Ալաթոլլահ Հաքիմի եղբայրը՝ Աբդուլ Ազիզ ալ- Հաքիմն Իրաք էր վերադարձել անցյալ ամսին եւ Իրաքի նախկին ընդդիմադիր խմբերի հանդիպումներում ներկայացնում էր Գերագույն խորհուրդը։

XS
SM
MD
LG