Մատչելի հղումներ

ՈՉ ՏԻՊԱԿԱՆ ԹՈՔԱԲՈՐԲ - 2003-05-07


Հոնկոնգում կատարված ոչ տիպական թոքաբորբի մի նոր ուսումնասիրություն ցույց է տալիս, որ այդ համաճարակը շատ ավելի մահացու է, քան նախապես կարծվում էր, քանի որ վաթսուն հիվանդներից վերապրել է ընդամենը հիսուն տոկոսը։ Սույն ուսումնասիրությունը հրապարակվել է բրիտանական ԼԱՆՍԵԹ բժշկագիտական պարբերականում։ Այնտեղ ասված է, որ վարակահարուցիչը Հոնկոնգի հիվանդանոցներում գտնվողներից սպանում է մոտավորապես հինգից մեկին եւ ապաքինվելու համար մեծ դեր է կատարում տարիքային գործոնը։ Հետազոտողները հրապարակել են, որ մինչեւ ապրիլ ամսվա վերջին շաբաթը Հոնկոգնում առեղծվածային թոքաբորբով հիվանդների թիվը եղել է հազար չորս հարյուր։ Սույն հայտարարությունը տարբերվում է Առողջապահության համաշխարհային կազմակերության հրապարակած թվից, ուր ՍԱՐՍ-ով հիվանդների ընդհանուր մահացությունը կազմում է վեցից մինչեւ տասը տոկոս։ Հոնկոնգի պաշտոնատարներն այսօր տեղեկացրել են ոչ տիպական թոքաբորից մահացության տասնմեկ նոր դեպքերի մասին, որոնցից հինգը՝ Չինաստանում եւ երեքը՝ Թայվանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժիշկները մեկնել են Չինաստանի Հեբեյի նահանգ, որը Պեկինին սահմանակից է, ճշտելու համար, թե ոչ տիպական թոքաբորբով հիվանդների թիվը վերջին օրերին ինչու՞ է այնտեղ կրկնապատկվել։ Վերջին մի քանի օրերին Հեբեյում ավելի քան հարյուր մարդ է հիվանդացել թոքաբորբից։ Չինաստանի վարչապետ Վեն Ջյաբաոն այսօր կառավարական պաշտոնատարներին կոչ է արել՝ ջանք թափել, որպեսզի կանխվի ոչ տիպական թոքաբորբի տարածումը երկրի գյուղական շրջաններում։ Պարոն Վենն ասել է, թե ՍԱՐՍ-ի կանխումը գյուղական շրջանների տնտեսական եւ սոցիալական զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունի եւ կենսական անհրաժեշտություն է չին հողագործների համար։

XS
SM
MD
LG