Մատչելի հղումներ

ՀՆԴԿԱ-ՊԱԿԻՍՏԱՆՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ - 2003-05-02


Հնդկաստանը Պակիստանին առաջարկել է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին անցյալ տարի, երբ միջուկային երկու հակառակորդները կանգնած էին պատերազմի եզրին։ Պակիստանը ողջունել է այդ առաջարկը եւ ակնարկել է, որ իր կողմից խոստանում է նույնը։ Հնդկաստանի վարչապետ Աթալ Բեհարի Վաջպային դիվանագիտական հարաբերություների վերականգնման առաջարկն արել է այսօր։ Պարոն Վաջպային խորհրդարանին տեղեկացրել է, որ պատրաստվում է վճռական քայլ կատարել Պակիստանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ավելացնելով, որ դա կլինի իր կյանքում գործադրվելիք վերջին ջանքը։ Յոթանասունութամյա հնդիկ ղեկավարը երկու ձախողված վեհաժողով է նախաձեռնել Պակիստանի հետ 1999 եւ 2001 թվականներին։ Վերջին մի քանի ամիսներին պարոն Վաջպային ասել է, թե Քաշմիրի վեճի վերաբերյալ բանակցությունները չի վերսկսի Պակիստանի հետ, մինչեւ որ Պակիստանում հաստատված իսլամամետ գրոհայինները վերջ չդնեն հնդկական Քաշմիր կատարվող իրենց զինյալ ներթափանցումները։ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը նախ մերժել էր այդ ամբաստանությունը, իսկ ավելի ուշ փոխել էր իր կեցվածքը, ասելով, թե ամենայն կարելին է արել այդ սահմանազանց ներթափանցումները կասեցնելու համար։ Երկուշաբթի օրը Պակիստանի վարչապետ Զաֆուրուլլահ Խան Ջամալին հեռախոսային զրույց է ունեցել պարոն Վաջպայիի հետ, որի ընթացքում երկու ղեկավարները համաձայնել են տնտեսական եւ մշակութային կապերի վերականգնմամբ սկսել երկու երկրների հարաբերությունների բարելավումը։ Հնդկաստանն ու Պակիստանը երկու տարուց ավելի է ինչ պաշտոնական բանակցություններ չեն վարել, Վաշինգտոնի կողմից կատարված բուռն ճնշմանն հակառակ, որը հորդորում էր մեղմել լարվածությունը։ Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Ռիչարդ Արմիթաջն այս ամսին մեկնելու է սույն տարածաշրջան։ Վաշինգտոնն ու Լոնդոնն այսօր ողջունել են հարավ-ասիական երկու հարեւան երկրների միջեւ կատարվող այս զարգացումները։

XS
SM
MD
LG