Մատչելի հղումներ

ԹՈՔԱԲՈՐԲ - 2003-04-27


Թայվանը պարտադիր կարանտին է հայտարարել սուր շնչառական թոքաբորբ անվամբ հայտնի ՍԱՐՍ մահացու եւ առեղծվածային հիվանդությամբ խստորեն վարակված երկրներից ուղեւորների ժամանման վրա։ Այսօրվանից սկսյալ Չինաստանից, Հոնկոնգից, Սինգապուրից կամ Կանադայից Թայվան ժամանող յուրաքանչյուր ուղեւոր տասը օր կմնա կարանտինային կացության մեջ։ Այդ երկրներից ժամանած Թայվանի բնակիչները թերեւս կարանտինային ժամանակաշրջանը կանցկացնեն իրենց տներում։ Թայվանից տեղեկացվում է, որ այսօր արձանագրվել է սուր շնչառական թոքաբորբից առաջին մահացության դեպքը։ Չինաստանը տեղեկացնում է, որ այսօր մահացել է եւս ինը մարդ, իսկ հայտնաբերվել են վարակակիրների հարյուր վաթսունմեկ դեպքեր, իսկ Հոնկոնգում մահացության թիվը տասներկուս է, մինչ նոր վարակվածներինը՝ տասնվեց։ Այսօր առնվազն մահացության մեկ դեպք է արձանագրվել Սինգապուրում։ Վերջին մահացությունները համայն աշխարհում սուր թոքաբորբից մահացածների թիվը հասցրեցին երեք հարյուր տասնչորսի։ Սուր շնչառական թոքաբորբը հիմնականում տարածված է Ասիայում եւ այն համոզումն է առկա, որ այն անցյալ տարի ծագել է Չինաստանից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ համայն աշխարհում ՍԱՐՍ-ով վարակված է մոտավորապես հինգ հազար մարդ։ Սուր շնչառական թոքաբորբ հիվանդության տարածումը կանխելու մեկ այլ ջանքով Չինաստանում հրամայված է մայրաքաղաք Պեկում դադարեցնել բոլոր կարգի հասարակական միջոցառումները, փակել գրադարանները։ Նոր օրենք վերաբերում է նաեւ պարասրահներին, երաժշտասրաժներին, ինտերնետային սրճարաններին, կինոթատրոններին եւ թատրոններին։ Չին պաշտոնատարները ՇԻՆՀՈՒԱ լրատվական գործակալությանը տեղեկացրել են, որ նախագահ Բուշն այս առիթով երեկ հեռախոսային զրույց է ունեցել Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի հետ, սուր շնչառական թոքաբորբի դեմ Չինաստանի մղած պայքարում առաջարկելով Միացյալ Նահանգների օգնությունը։

XS
SM
MD
LG