Մատչելի հղումներ

Կացությունը Բաղդադում - 2003-04-09


Հազարավոր ցնծացող իրաքցիներ Բաղդադի փողոցներն են դուրս եկել չորեքշաբթի օրը, դատապարտելով Սադդամ Հուսեյնին, ոչնչացնելով նախկին ղեկավարին պատկերող պաստառները եւ անվտանգության ուժերի համատարած բացակայության պայմաններում ոմանք կողոպտել են մայրաքաղաքի պետական գրասենյակները։ Բաղդադի կենտրոնական շրջանում հավաքված հազարավոր իրաքցիներ բացականչել են ՝՝Մեկ Աստված կայ եւ Սադդամը Աստծո թշնամին է՛՛։ Ականատեսների վկայությամբ իրաքցիներից մեկը Սադդամ Հուսեյնին պատկերող պաստառը ենթարկել է իր կոշկի բազմակի հարվածներին, մեկ ուրիշը քացիների է ենթարկել այն եւ մեկ ուրիշն էլ թքել է պաստառի վրա։ Իրաքի քաղաքացիները, ըստ հաղորդագրությունների , ամբողջ Բաղդադով մեկ պատառոտում են Սադդամի նկարները։ Իրաքցիներից ոմանք ժպիտները եւ երջանկության արցունքները դեմքերին օդի մեջ ճոճել են իրենց զենքերը Իրաքի վարչակազմի դեմ ակնհայտ արհամարանքի արտահայտությամբ։ Բաղդադի բոլոր շրջաններից, ուր լրագրողները կարողացել են ականատես լինել դեպքերի զարգացմանը, անհետացել են Իրաքյան զորքերը, անվտանգության ուժերն ու ոստիկանությունը։ Ակնհայտ է, որ ցնծացող իրաքցիներն իրենց բավականաչափ ապահով են զգացել արտահայտելու իրենց ատելությունը Սադամի նկատմամբ, մի բան, որի համար ընդամենը ժամեր առաջ կարող էին մահվան դատապարտվել։ Ուրիշներ անվտանգության ուժերի բացակայությունից օգտվելով անցել են կողոպուտների, ներխուժելով խանութներն ու գրասենյակները, գողանալով կահույք, սննդամթերք, էլեկտրական սարքեր, խալիներ եւ այլ իրեր։ Լրագրողների բնութագրմամբ Բաղադում արտակարգ մթնոլորտ է տիրում։ Մայրաքաղաքից մի քանի կիլոմետր դեպի արեւելք ընկած վայրերում բնակիչները ծաղկեպսակներ են նետել Տիգրիս գետն անցնող դաշնության ուժերի զրահապատների շարասյան վրա։ Հաղորդվում է, թէ տոնակատարությունների ընթացքում լսվել են Իրաքի աշխարհազորայինների հատ ու կենտ կրակոցներ։ Միացյալ Նահանգների զինվորական պաշտոնատարները զգուշացրել են, որ իրենք ակնկալում են հավելյալ մարտեր Բաղդադում, շրջակայքում եւ հյուսիսային շրջանում։

XS
SM
MD
LG