Ջրի ծախսումն ամենուրեք ավելանում է։ Մարդիկ արդե՛ն իսկ օգտագործում են բոլոր գետերի, լճերի եւ ստորգետնյա քաղցրահամ ջրերի հիսուն չորս տոկոսը։ Որոշ հաշվումների համաձայն, այս թիվը մինչեւ երկու հազար 25 թվականը կհասնի յոթանասուն տոկոսի։
Քաղցրահամ ջուրն անհրաժեշտ է կյանքի համար։ Մարդիկ ջրի կարիք ունեն ամենօրյա գործունեության եւ սնունդ պատրաստելու համար։ Ջուրը նաեւ անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի արտադրության ու Երկրագնդի շրջակա միջավայրի համակարգերի առողջության համար։
ՄԱԿ-ը կազմակերպում է մի շարք միջոցառումներ ջրի խնդրի շուրջ մտահոգությունը բարձրացնելու համար։ Միավորված Ազգերի կազմակերպության պաշտոնատարները երկու հազար երեք թվականը հայտարարել են Թարմ ջրի Միջազգային տարի։ Արշավի նպատակներից մեկը ջուրն ավելի խնամքով օգտագործելու քաղաքականությանն աջակցելն է։ Նպատակներից մեկ ուրիշն ավելի մեծ թվով մարդկանց ընդգրկելն է, որպեսզի ջուրն օգտագործեն այնպես, որպեսզի չվնասի շրջակա միջավայրին։
Աշխարհի բնակչությունը կազմում է ավելի քան վեց միլարդ մարդ։ Մեկ միլիարդից ավելի անձինք զուրկ են խմելու պիտանի ջրից։ Երկու միլիարդ մարդ տառապում է կեղտոտ ջրի հետ կապված հիվանդություններից։ Իսկ ավելի քան երկու միլիարդ անձինք ապրում են առանց կեղտաջրերը զտող համակարգի։
Ջրի խնդիրը երկու տարի առաջ ՄԱԿ-ի Հազարամյակի Խորհրդաժողովում քննարկված հարցերից մեկն էր։ Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ հայտնել են, թե մինչեւ երկու հազար հիսուն թվականը կաշխատեն հիսուն տոկոսով նվազեցնել խմելու բավարար ջրից զուրկ մարդկանց թիվը։
Նրանք նաեւ խոստացել են մինչեւ երկու հազար տասնհինգ թվականը հիսուն տոկոսով նվազեցնել թափոնների զտման ապահով համակարգերից զուրկ մարդկանց թիվը։
Նիթին Դեսաին ղեկավարում է ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական հարաբերությունների բաժինը։ Նա հայտնել է թե այս նպատակները հաջողությամբ իրագործելու համար անհրաժեշտ է խոշոր փոփոխություններ կատարել ջուր օգտագործելու մարդկանց սովորության մեջ։ Նա հայտնել է թե ջրի խնդրի շուրջ բարեփոխությունները պետք է կապվեն հողի օգտագործման, մարդկանց բնակավայրերի, գյուղատնտեսության, արդյունաբերության ու էներգետիկայի բնագավառներում կատարվող փոփոխությունների հետ։
Ջրի խնդրի շուրջ Համաշխարհային խորհրդաժողովը հաջորդ ամիս կկայանա Ճապոնիայի Կիոտո քաղաքում։ Պաշտոնատարները ծրագրում են հրապարակել ՄԱԿ-ի առաջին զեկույցը Երկրագնդի ջրի խնդրի շուրջ։ Այս զեկույցը կքննի աշխարհում խմելու ջրի հետ կապված խնդիրները։ Այն առաջարկներ կանի խմելու ջրի ապագա պահանջարկի շուրջ։ Փորձագետները հայտնել են, թե ՄԱԿ-ի զեկույցին միջազգային հասարակայնության արձագանքը կլինի խմելու ջրի ճգնաժամը լուծելու քաղաքական ցանկության կարեւոր ստուգում։