Մատչելի հղումներ

Չեխոսլովակիայի 1968թ. ներխուժման 40 ամյակը


Քառասուն տարի առաջ`1968թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի առավոտյան, երկու հազար տանկ և երկու հարյուր հազարանոց խորհրդային զորք ներխուժեցին Չեխոսլովակիա: Ներխուժման առիթ էր դարձել Բրատիսլավայում տեղի ունեցած "Պրահայի գարուն" անվանմամբ հայտնի քաղաքական ազատականացմանն ուղղված բանակցությունների ձախողումը: Քառասուն տարի անց չեխ, ռուս և վրացի լրագրողներն իրենց տեսակետներն են հայտնում 1968թ. ներխուժման և այսօր դրա կարևորության շուրջ:

1968թ. ներխուժումով հաջողվեց վերջ դնել Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկի նախաձեռնած մասնակի ժողովրդավարացման բարեփոխումներին: Այդ օրը Վարշավայի համաձայնագրի հինգ երկրների` Խորհրդային Միության, Բուլղարիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Արևելյան Գերմանիայի բանակները համատեղ մասնակից դարձան ներխուժմանը:

Ներխուժմանը հետևեց արտագաղթի ալիքը, որի արդյունքում շուրջ 300,000 քաղաքացիներ` որպես կանոն բարձր որակավորումներ ունեցող անձինք, լքեցին երկիրը: Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթողների շարքում էր Ջիրի Ֆիշերը` Ամերիկայի ձայնի չեխական ծառայության նախկին աշխատակիցը, ով 19 տարեկան էր այդ ժամանակ: Նա հիշում է, որ Հարավսլավիայի մի կղզում անցկացրած արձակուրդից վերադառնալիս է եղել այդ ժամանակ: "Մենք նավի վրա էինք, երբ մի գերմանական ընտանիք մեզ մոտեցավ, ճշտեցին` արդյոք մենք չեխ ենք, և այնուհետև հայտնեցին, որ Չեխիայում` Պրահայում պատերազմ էր: Մենք չհավատացինք: Այդ ժամանակ նրանցից մեկը միացրեց ռադիոընդունիչը և որսաց Ռադիո Պրահա ալիքը: Եվ այդ ժամանակ մենք լսեցինք հետևյալը` սա Չեխոսլովակիան է, և այն գրավված է Խորհրդային և Վարշավայի համաձայնագրի երկրների բանակների կողմից: Սահմռկեցուցիչ էր, անհավատալի էր, որ մեզ հարազատ ձայները հայտնում էին, որ պատերազմ է, որ մարդիկ ենք զոհվում: Նույնիսկ այսօր, երբ հիշում եմ այդ ամենը, փշաքաղվում եմ," ասում է նա:

Ջիրի Ֆիշերը նշում էր, որ ընկերների հետ միասին նա հայտնվեց Ադրատիկ ծովի ափին Ռիեկա նավահանգստային քաղաքում: "Արդեն իսկ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Հարավսլավիայի նախագահ Տիտոն հեռուստատեսությամբ հայտնեց, որ Չեխոսլովակիան գրավման մեջ և պետք է հոգ տանել Հարավսլավիայում գտնվող բոլոր չեխերի և սլովակների համար, քանի որ Խորհրդային բանակը շրջափակել էր սահմանները և վերադառնալ հնարավոր չէր:"

Մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգեր հասնելը Ջիրի Ֆիշերը անցել է Զագրեբով, Վիեննայով և իր ծննդավայրով` Մորավիայի շրջանի Բռնո քաղաքով: "Իմ այստեղ` Վաշինգտոնում, գտնվելու միակ պատճառը 1968թ. օգոստոսն է: Այլապես ես այժմ եվրոպական մի երկրում կլինեի:

Ռիա Նովոստի ռուսական լրատվական գործակալության վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Իգոր Զևելևի կարծիքով, Ռուսաստանի առավել երիտասարդ սերունդները շատ քիչ են տեղեկացված 1968թ. օգոստոսին Չեխոսլովակիայի ներխուժման մասին` չնայած մեծահասակները մեծ մասամբ ընկալում են, որ դա մեծ սխալ է եղել: "Ես չեմ կարող որևէ քաղաքական գործիչ մտաբերել, ով կպնդի, որ 1968թ. ճիշտ որոշում է կայացվել: Կարծում եմ, որ խորհրդային իշխանությունների կողմից Չեխոսլովակիայի ներխուժման մի քանի դրդապատճառ է եղել: Առաջինը ժողովրդավարական սոցիալիզմի այլընտրանքային մոդելի նկատմամբ վախն էր: Հարկ է հիշել, որ նրանք ցանկանում էին սոցիալիզմ կառուցել, որն առավել մարդկային կլիներ: Դրդապատճառներից էր նաև այն աշխարհաքաղաքական հաշվարկը, որ Չեխոսլովակիան կարող էր ի վերջո դուրս գալ Վարշավայի համաձայնագրի երկրների շարքից և դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետություն: Մեկ այլ դրդապատճառ էր այն մտավախությունը, որ այլ սոցիալիստական պետություններ կկրկնեին Չեխոսլովակիայի փորձը," ասում է Իգոր Զևելևը:

Ռուստավի 2-ի` Վրաստանի խոշորագույն անկախ հեռարձակող ընկերության վաշինգտոնյան թղթակից Դավիթ Նիկուրադզեի կարծիքով, վերջին երկու շաբաթվա ընթացքում իր երկրում տեղի ունեցող իրադարձությունները մեծապես հիշեցնում են 1968թ. օգոստոսը: "Վրաստանի բնակչությունը հուսով է, որ Չեխիան կսատարի Վրաստանին: Սակայն, ցավոք սրտի, երբ մենք մեխ հիասթափություն ապրեցինք, երբ տեսանք Չեխիայի կառավարության հայտարարությունը, որը Վրաստանին մեղադրում էր Հարավային Օսիայում կատարվածի համար: Խորհրդային բանակը ներծուժեց Չեխոսլովակիա, իսկ այժմ ռուսական զորքը ներխուժում է Վրաստան: Ցավոք սրտի, միայն Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան էին պաշտպանում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Վրաստանում բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ եթե Եվրոպան այսօր արգելք չդնի Ռուսաստանի առջև, ռուսական տանկերը կարող են վաղը ևեթ հայտնվել Արևելյան Եվրոպայի ցանկացած քաղաքում:"

Ջիրի Ֆիշերն ասում է, որ նա նույպես զուգահեռներ է տեսնում 1968թ. Չեխոսլովակիայի և 2008թ. Վրաստանի ներխուժումների միջև: "Ես քաջ գիտակցում են, թե ինչ փորձություններով է անցնում Վրաստանը: Ես կարծում եմ, որ այժմ վրացիները, հայացքը Արևմուտքին հառած, հարց են տալիս, թե որտեղ է նրանց աջակցությունը: Այդ նույն հարցը մեզ էր մտատանջում. որտեղ էին ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական տանկերը և նրանց աջակցությունը: Ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքականություն է: Այդ իսկ պատճառով, ես զուգահեռներ եմ տեսնում և կարծում եմ, որ առաջին երեք օրերի ընթացքում լրատվամիջոցները բավականաչափ ուշադրություն չէին դարձնում:"

Այնուամենայնիվ, բազմաթիվ վերլուծաբաններ այլ կարծիքի են: Նրանք ասում են, որ նախագահ Սաակաշվիլիի` ռուսաստանամետ կիսաինքնիշխան Հարավային Օսիայի մայրաքաղաք զորք ուղարկելու որոշումը պաշտոնական Մոսկվային իր երկաթյա բռունցքը հեշտությամբ կիրառելու առիթ է տվել: Նրանք պնդում են, որ չնայած կարելի է ընդունել, որ պատմական իրադարձությունները կրկնվում են այլ ժամանակներում և այլ վայրերում, սակայն անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր իրադարձության մանրամասները:

XS
SM
MD
LG