Լաս Վեգասում Սպառողական էլեկտրատեխնիկայի ցուցահանդեսում ցուցադրվում էին եռաչափ (3D)հեռուստացույց և շարժական համակարգիչներ: Ցուցահանդեսի այցելուների թիվը 110 հազարից ավել էր:
Եռաչափ հեռուստացույցները ոգևորել են բոլորին, և դրանք գրեթե բոլոր խոշոր արտադրողների այս տարվա ծրագրերում են: Դիսքավըրի, ԻԷսՓիԷն սպորտ և այլ հեռարձակողներ ծրագրում են եռաչափ հաղորդումներ: Հարավ-կորեական ԷլՋի ընկերության աշխատակցի խոսքերով` պատկերն իրական է:
"Մեկն ինչ-որ բան է նետում, և այն թռչում է դեպի քեզ: Դու թեթև ընկրկում ես` մտածելով, որ դա կարող է դիպչել քեզ",-բացատրում է նա:
ԷլՋին շուտով տեսահամաժողովի հնարավորություն կընձեռնի ինտերնետային Սքայփ ծրագրի միջոցով: Այդ օրինակին է հետևելու նաև Փանասոնիքը:
"Սա նշանակում է, որ ինտերնետային հեռախոսակապ կարող եք հաստատել ձեր հարմարավետ ճաշասենյակում` լայնէկրան բարձր խտությամբ հեռուստացույցով",-ներկայացնում է ԷլՋիի աշխատակիցը:
Ըստ Փանասոնիքի` այն ներկայացնելու է բարձր խտությամբ գրեթե չորս մետր անկյունագծով ամենամեծ պլազմա հեռուստացույցը:
Ընդլայնվում է նաև ինտերնետին հաղորդակցվող բջջային հեռախոսների ընտրանին: Անդրոիդ օպերացիոն համակարգը մշակած Գուգըլ ինտերնետային կայքը բջջային հեռախոսների շուկա է ներկայացել սեփական Նեքսուս Մեկ մոդելով:
Շուտով մեքենաների, այդ թվում` Ֆորդի մի քանի մոդելների մեջ կտեղադրվեն ինտերնետային կապով ապահովված քարտեզներ:
Մայքրոսոֆթ Ուինդոուզն արդեն ժամանցային և կառավարման համակարգեր է տեղադրում Ֆորդի, Ֆիատի և Կիայի որոշ մոդելներում:
Ընդլայնվում է նաև էլեկտրոնային ընթերցանության շուկան`ինչպիսին Ամազոն Քիդըլն է: Այս շուկայում նոր մոդել է առաջարկում Սքիֆ ընկերությունը, որին աջակցում է լրատվամիջոցների գերհսկա Հըրսթը:
Մյուս առաջարկները Հարավային Կորեայից են կամ Անգլիայից: Չինական Հենվոն ընկերությունն առաջարկում է անմիջական կապով ընթերցանության սարքեր, սակայն մրցակցությունն ուժեղ է:
"Կարծում եմ ԱՄՆ շուկայում դժվարությամբ կդիմակայենք Քինդըլի և Սոնիի նման մեծ և հայտնի ապրանքանիշերին",-անհանգստանում է Հենվոնի կառավարիչը:
Նոկիան կմիանա հեռախոսակապի ընկերությանը` զարգացող երկրներում ներկայացնելով հեռախոսային բանկային համակարգ`հեշտացնելու վճարումների գործընթացը:
"Զարգացող երկրում կոմունալ վճարումների համար անհրաժեշտ է կանխիկը ձեռքին հերթում կանգնել: Աշխատանք ունեցողի համար դա խնդիր է, քանի որ դրա վրա ծախսում է իր ժամանակը, երբ կարող էր աշխատել և դրամ վաստակել",-ասում է Նոկիայի գլխավոր կառավարիչը:
Ցուցահանդեսում ներկայացվում էին նաև էներգիախնա նոր սարքեր` ինտերնետային ռադիո, համակարգիչներ և լուսանկարչական ապարատներ:
Էլեկտրական սարքերի շուկայական ուժը հսկայական է, և ոլորտի ներկայացուցիչները հուսով են, որ ցուցահանդեսում առկա ոգևորությունը գալիք տարում մեծ եկամուտների երաշխիք է: