Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո ԱՄՆ-ի Կոնգրեսում


Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո ԱՄՆ-ի Կոնգրեսում
Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո ԱՄՆ-ի Կոնգրեսում
<!-- IMAGE -->

Ապրիլի 21-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի պատմական սրահներից մեկում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին ներկա էին ամերիկահայ համայնքի անդամներ, ցեղասպանության վերապրողներ, Հայաստանի դեսպանն ու Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչը։ Հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսում հայկական հարցերը պաշտպանող խմբի համանախագահներ Ֆրանկ Պալոնի ու Մարկ Քըրքի ջանքերով։ Միջոցառումը սկսվեց Հայկական Եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ գերաշնորհ Օշական Չոլոյանի եւ արքեպիսկոպոս Եղիշե Գեզիրյանի աղոթքներով։


Կոնգրեսի թե՛ դեմոկրատ եւ թե՛ հանրապետական անդամները առանձին ելույթներով վերահաստատեցին իրենց պաշտպանությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման օգտին։
Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին իր ելույթում ողջունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի հաստատումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ Կոնգրեսին կոչ արեց գործունեությունը չդադարեցնել քանի դեռ Ամերիկայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչել։ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Ստենի Հոյերը շեշտեց, որ ցեղասպանության ճանաչումը վարչակազմի կողմից չափազանց կարեւոր է։

Արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Հաուարդ Բերմանը իր ելույթում շեշտեց ցեղասպանության դեմ բողոքելու եւ ցեղասպանության փաստի հերքումը թույլ չտալու բոլոր ամերիկացիների բարոյական պարտականությունը.
Իսկ 252 բանաձեւի գլխավոր հեղինակ Կոնգրեսական Ադամ Շիֆը նշեց, որ աշխատելու է Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի վերջնական հաստատումը ապահովելու ուղղությամբ.

՛՛Իհարկե մենք հուսով ենք եւ վարչակազմին հորդորում ենք, որ նախագահը ցեղասպանություն բառը օգտագործի Ապրիլի 24-ի իր ուղերձում։ Այս խոստումով էր, որ նախագահ Օբաման ընտրարշավ մղեց եւ հանդես եկավ Սենատում։ Հայ-թուրքաքան արձանագրությունները պատճառ չեն հերքելու պատմական փաստերը։ Մենք վարչակազմին հորդորում ենք, որ ճշմարտությունը պաշտպանի եւ ՛՛ցեղասպանություն՝՝ բառը օգտագործի՝՝, ասել է կոնգրեսական Շիֆը։

Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան նաեւ ծագումով հայ, կին կոնգրեսականներ Աննա Էշյուն եւ Ջաքի Սպիյըրը։ Կոնգրեսական Էլիոթ Էնգելը, Նյու Յորքից, իր զայրույթը հայտնեց ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի կառավարության ջանքերի նկատմամբ, իսկ կոնգրեսական Ջիմ Քոստան քննադատեց բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե այժմ ճիշտ ժամանակը չէ հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատման համար, նշելով, թե ՛՛դա միայն պատրվակ է՝՝։

Միաժամանակ, Հայաստանի կառավարող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդները հինգշաբթի օրը հայտարարել են, թե անհրաժեշտ են համարում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առկախումը։

XS
SM
MD
LG