Լեհաստանի նախագահի օդանավի վթարից հետո, շուրջ 100 զոհվածների ազգականներն ապրիլի 12-ին դեպքի վայր են ժամանել հարազատների դիակների ինքնությունը հաստատելու նպատակով:
Հիշեցնենք, որ լեհական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել երկրի նախագահին, ռազմական ղեկավարությանը և ընդդիմության մի շարք ներկայացուցիչների Ռուսաստան տեղափոխելիս: Սմոլենսկից ոչ հեռու տեղի ունեցած ողբերգության արդյունքում ինքնաթիռի բոլոր ուղևորները, ներառյալ օդանավի անձնակազմը, զոհվել էին:
Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունների համաձայն զոհվածների ինքնությունը պարզելը կարող է մի քանի օր տևել:
Երկուշաբթի օրվանից Լեհաստանում սգո 1 շաբաթ է սկսվել: Ռուսաստանն ու Եվրամիությունը նույնպես երկուշաբթին սգո օր են հայտարարել:
Ռուսական լրատվամիջոցների համաձայն, ՏՈՒ 154 ինքնաթիռի զննության ընթացքում տեխնիկական անսարքություններ չեն գտնվել: Այս պահին քննարկվում է օդաչուների կողմից թույլ տրված սխալի վարկածը: